ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՐՈՍՆԵՐ, ՈՎՔԵՐ ԱՊՐՈՒՄ ԵՎ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Նրանց անունները շատ են, նրանցից ոմանք նույնիսկ չեն ուզում խոսել՝ հիշողությունները ցավոտ են: Նրանք մերօրյա հերոսներն են, մարդիկ, ովքեր օրեր շարունակ կյանքի ու մահվան ճամփեզրին պայքարում էին՝ հանուն Հայրենիքի, հանուն հաղթանակի:

Մեր համալսարանի Դիզայնի ֆակուլտետի շուրջ 2 տասնյակ ուսանող առաջնագծից օրեր առաջ է վերադարձել՝ պատերազմը հաղթահարած, բաղձալի հաղթանակը՝ հոգում դեռ փայփայելով: Վերադարձել են մարմնով և հոգով վիրավոր, բայց հավատով, որ մի օր Հայրենիքը կրկին վերագտած ու միավորված են տեսնելու:

Զրույցը նրանց հետ ծանր էր՝ «պատերազմը սարսափելի է բան է, նույնիսկ ֆիլմերում այդպես չէ» նախաբանով: Բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Յուրա Գրիգորյանը ռազմաճակատ է մեկնել պատերազմի առաջին իսկ օրերին: Ասում է՝ բառերով պատմելու չի այն, ինչ տեսնում և զգում ես կրակի դիմաց կանգնած, խառնվում են բոլոր հույզերդ ու զգացմունքներդ, միայն փորձում ես ողջ մնալ՝ հանուն Հայրենիքիդ կյանքի և պայմանով, որ պատերազմից հետո սկսելու ես առավել գնահատել ապրածդ յուրաքանչյուր օրն ու պահը:  Նույն զգացողություններով է վերադարձել նաև 4-րդ կուրսի ուսանող Հարություն Սուքիասյանը. «Բարձր ոգու և հայրենասիրության խնդիր հայ զինվորը չունի»,-ասում է նա՝ նշելով սակայն, որ սա պատերազմ չէր մարդը՝ մարդու դեմ, պատերազմ էր գազանի դեմ: Խոստովանում է՝ պատերազմը միայն կյանքդ, քեզ շրջապատող մարդկանց արժևորելու և կյանքդ ավելի գիտակցված ապրելու ցավոտ, բայց սթափեցնող հնարավորություն է:

«Պատերազմից հետո սկսել եմ առավել սառն ու ճիշտ դատել և իրավիճակներին համարժեք պատասխան տալ»,-պատերազմի թողած հետքերին վերաբերող հարցիս ի պատասխան ասում է 1-ին կուրսի ուսանող Արեգ Մխիթարյանը,- գիտես, թե ում և ինչի համար ես կռվում և հենց այդ գիտակցությունն է ստիպում ամեն վայրկյան արթուն ու ողջ մնալ:

Իսկ ահա 4-րդ կուրսից ռազմաճակատ մեկնած կամավոր Ռուբեն Մուրադյանը դեռ սահմանին է: Հրադադարից հետո վերադարձել, ապա նորից մեկնել է Արցախ. իր իսկ խոսքով՝ սահմաններն անընդհատ հսկողության կարիք ունեն: Պատերազմական օրերից և հետպատերազմյա իրադրությունից, հասկանալի պատճառով, շատ բան պատմել չկարողացավ, միայն ասաց, որ պատերազմը պիտի ավարտվեր, այլընտրանք չկար:

Սահմանին կանգնած Ռուբենի վերջին միտքը կիսեցին պատերազմի բովով անցած տղաներից շատերը. «Հաղթանակի համար էինք կռվում, էլի կշարունակեինք, բայց կանգ առանք, որպեսզի կռիվը ցեղասպանության չվերածվեր»:

 519 просмотров всего,  1 просмотров сегодня

30.11.20

 520 просмотров всего,  2 просмотров сегодня