2024 թվականի ռեկտորատի անդրանիկ նիստը մեկնարկեց ՃՇՀԱՀ աշխատակիցների պարգևատրման արարողությամբ: Դեռևս 2023 թվականին Քաղաքաշինության կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը Շինարարի և Ճարտարապետի օրերի առթիվ համալսարանի մի շարք աշխատակիցների պարգևատրել էր տարբեր գերատեսչական մեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով: Տարեմուտի առաջին նիստին ռեկտոր Եղիազար Վարդանյանը պարգևատրվողներին փոխանցեց ավելի վաղ շնորհված պարգևները։
Երևանի քաղաքաապետի որոշմամբ շինարարի օրվա կապակցությամբ, շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրված նշանակալի ավանդի համար Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվեց շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ տ.գ.թ. Լուսինե Կարապետյանը:
Երևանի քաղաքապետի որոշմամբ ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի դեկան, Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Մելիքյանը, քաղաքաշինության ամբիոնի դասախոս, համալսարանի արհմիութենական կազմակերպության ղեկավար Հարություն Ղասաբյանը և Քիմիայի և կապակցող նյութերի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Մարինե Քալանթարյանը պարգևատրվեցին պատվոգրերով:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի որոշմամբ շնորհակալագրեր հանձնվեցին Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դասախոս Իռա Բալասանյանին և Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտի դասախոս Տիգրան Խաչիյանին:
ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհակալագրով պարգևատրեց ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Սահակ Լևոնյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, նվիրումի, կրթության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 75-ամյակի առթիվ: