ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցելեց «Ժիրայր Նիշանյան» հիմնադրամի խորհրդի անդամ Հելենա Խամբալայանը: Նա շրջայց  կատարեց համալսարանում, այնուհետև հանդիպեց ուսանողների հետ:

Հանդիպմանը ներկա էին պրոռեկտոր Վ. Եդոյանը, Դիզայնի ֆակուլտետի դեկան Ա. Մելիքյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Ա. Սահակյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ա. Արոյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Ս. Հակոբյանը:

Պրոռեկտոր Վ. Եդոյանը, հանդես գալով բացման խոսքով, ողջունեց բոլորին՝ նշելով. «Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համար կարևոր ու նշանակալից օր է: Հյուրընկալել ենք «Ժիրայր Նիշանյան» հիմնադրամի խորհրդի անդամ Հելենա Խամբալայանին: «Ժիրայր Նիշանյան» բարեգործական հիմնադրամը երկար տարիներ խրախուսել է սոցիալական խնդիրներ ունեցող տաղանդաշատ երիտասարդներին, փոխհատուցել ուսանողների վարձավճարը,  և առ այսօր այդ գործընթացը շարունակվում է Նիշանյան ընտանիքի շնորհիվ: Այս գործում իր մեծ ներդրումն ունի նաև «Հայ օգնության ֆոնդի» փոխտնօրեն, կրթական ծրագրերի ղեկավար Հ. Կարապետյանը: Մեր հայրենակիցները բարեգործություն են կատարում բոլոր մարզերի ուսումնական հաստատությունների համար: Ռեկտոր Եղիազար Վարդանյանի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանին, նաև տիկին Հելենային ու զավակներին, ովքեր շարունակում են կատարել այս պատվաբեր և ազգանվեր առաքելությունը»:

Այնուհետև ելույթի խոսքով հանդես եկավ Հ. Կարապետյանը. «Ուզում եմ  ուսանողներին փոխանցել Ժիրայր Նիշանյանի վերջին հրատարակությունը և ինքնակենսագրությունը, այնուհետև հակիրճ խոսել պարոն Նիշանյանի գործունեության մասին: Ցանկանում եմ ողջունել տիկին Հելենին: Մենք պարտական ենք պարոն Նիշանյանին իր անմնացորդ նվիրումի համար: Ժիրայր Նիշանյանը և՛ Ամերիկայում, և՛ սփյուռքում բազմածավալ նվիրատվություններ է արել, ներդրում է ունեցել հայ եկեղեցիների կառուցման, վերանորոգման գործում: Նա իր ազգանվեր աշխատանքների համար պարգևատրվել է պետական կառավարական ոլորտներում,  արժանացել  է «Գավառի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Նիշանյանն այն եզակի մարդկանցից է, որը  Ամերիկայում արժանացել է «Էլիս այլընդ» պատվո մեդալին: Եվ ես կարող եմ միայն ասել` սովորելով Ճարտարապետության և շինարարության Հայաստան ազգային համալսարանում՝ դուք պետք է հպարտանաք, որ ստանում եք «Նիշանյան» կրթավճար, որովհետև այդպիսի մեծավաստակ մարդու անվան կրթավաճար ստանալը  պարծանք է: Դուք կրթավճար ստանում եք ձեր աշխատանքի, ձեր առաջադիմության շնորհիվ: Շատ կցանկանայի, որ յուրաքանչյուրիդ մեջ սերմանվեր բարեգործությունը: Պարոն Նիշանյանը Վաշինգտոնում ունի նաև ճարտարապետական և շինարարական ընկերություններ, որոնք տնօրինում են նրա  զավակները, և հենց նրանց շնորհիվ էլ շարունակվում է բարեգործությունը»:

Հանդիպումն ամփոփվեց տիկին Հելենա Խամբալայանի եզրափակիչ խոսքով. «Մեր ամբողջ նպատակն այն է, որ Հայաստանն ունենա բանիմաց մասնագետներ, որոնք կարող են օգտակար և արժանի լինել մեր երկրին»:

 295 просмотров всего,  1 просмотров сегодня

27.09.22

 296 просмотров всего,  2 просмотров сегодня