(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Օրերս Ծաղկաձորում կայացավ ՃՇՀԱՀ Երիտասարդ հետազոտողների միավորման անդրանիկ ամառային դպրոցը: Միջոցառման օրակարգում ընդգրկված էին ոչ միայն համալսարանում արդեն ավանդական դարձած՝ ասպիրանտների և հայցորդների զեկույցներն իրենց հետազոտությունների մասին, այլև սեմինար-քննարկումներ ու դասախոսություններ գիտական հետազոտությունների տարբեր ասպեկտների մասին, թիմային խաղ-մրցույթ՝ միջմասնագիտական ձևաչափով երկակի նշանակության հետազոտությունների հայեցակարգեր մշակելու վերաբերյալ, բանավեճեր և այլն:

Միջոցառմանը մասնակցում էին միավորման խորհրդի անդամները, ասպիրանտները, հայցորդները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, մագիստրատուրայի շուրջ 1.5 տասնյակ ուսանողներ:

Համալսարանի գիտության վարչության ղեկավար, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պ/կ Սարգիս Թովմասյանը համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի անունից արդյունավետ աշխատանք մաղթեց ամառային դպրոցի մասնակիցներին, ապա հակիրճ ներկայացրեց միավորման ստեղծման նպատակը և խնդիրները, ինչպես նաև միավորման օրակարգն ու աշխատակարգը՝ հույս հայտնելով, որ միջոցառումը թույլ կտա համախմբել գիտության տարբեր ոլորտներով հետաքրքրված երիտասարդներին: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև համալսարանի ղեկավարության կողմից ձեռնարկված այն քայլերը, որոնք կոչված են խրախուսելու գիտական հետազոտությունների ոլորտը, մասնավորապես, ներքին դրամաշնորհների տրամադրումը՝ ուսանողների պարտադիր մասնակցությամբ, «Տարվա լավագույն գիտական հետազոտություն» անվանակարգող մրցույթների կազմակերպումը, ինչպես նաև սեմինարների կազմակերպման, գիտական հրապարակումների և ատենախոսությունների պաշտպանության համար լրավճարների տրամադրումը:

Միավորման խորհրդի նախագահ Լիլիթ Բաբայանն ու խորհրդի անդամները խոսեցին միավորման ընթացիկ և առաջիկա ծրագրերի, ինչպես նաև համալսարանի բոլոր ֆակուլտետներում միավորման ֆոկուս-խմբերի ձևավորման անհրաժեշտության մասին՝ տարվող աշխատանքների համակարգումն ապահովելու և ուսանողության շրջանում միավորման գործունեության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով: Խոսվեց նաև այդ խնդիրների լուծման համար սոցիալական հարթակներն օգտագործելու, համալսարանում և արտերկրում իրականացված հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվական շտեմարան ստեղծելու անհրաժեշտության մասին:

Այնուհետև ասպիրանտներն ու հայցորդները ներկայացրին զեկույցներ իրենց հետազոտությունների ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանի դասախոսությունն առնչվում էր ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներին, Ճարտարապետության թեկնածու Լիլիթ Բաբայանը ներկայացրեց գիտական հետազոտությունների մեթոդաբանությունը՝ սեփական փորձի օրինակով, ճարտարապետության դոկտոր, դոցենտ Սարգիս Թովմասյանը ներկայացրեց «Ինչպես գրել գիտական հոդված» թեմայով զեկույց, իսկ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ազատյանի դասախոսության թեման նվիրված էր ճարտարապետության մեջ կառուցվածքային և հորինվածքային փոխադարձ առնչություններին:

Բոլոր զեկույցներն ուղեկցվում էին հարց ու պատասխաններով,  ակտիվ քննարկումներով և մտքերի փոխանակմամբ, որոնց ակտիվորեն մասնակցում էին նաև ուսանողները:

Օրակարգի հաջորդ հարցը միջմասնագիտական սկզբունքով ձևավորված թիմային խաղ-մրցույթի կազմակերպումն էր՝ երկակի նշանակության գիտական հետազոտությունների հայեցակարգեր մշակելու նպատակով: Մրցույթի արդյունքներով ասպիրանտների, հայցորդների և ուսանողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց «Հայրենիք» թիմը՝ «Բնակավայրերի ռազմադիմակայունության կազմակերպման մեթոդաբանության մշակում» թեմայով (մանակիցներ՝ Վարդանյան Աննա, Չքոլյան Խաչիկ, Սահակյան Սամվել, Մանվելյան Միլենա, Պետրոսյան Դիաննա, Սարգսյան Մարիամ, Նազարյան Արևիկ, Թովմասյան Քրիստինե, խորհրդատու՝ Նահատակյան Դավիթ): Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որոշմամբ հատուկ մրցանակի արժանացավ «Ինտերակտիվ» խումբը՝ «Բազմաբնակարան շենքերի տարածական և տեխնիկական տվյալների ինտերակտիվ բազայի մեթոդաբանության մշակում» թեմայով (մասնակիցներ՝ Քոչարյան Մարիամ, Եղիյան Լուսինե, Հախնազարյան Տաթևիկ, Սարգսյան Սպարտակ, Տոնիկյան Լիլիթ, Գասպարյան Հռիփսիմե, Ավագյան Էվա, խորհրդատու՝ Իգիթխանյան Մադլենա):

Ամառային դպրոցի աշխատանքներն ամփոփվեցին դրա արդյունքների շուրջ քննարկումներով և առաջիկա անելիքների շուրջ մտքերի փոխանակմամբ: Մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին միջոցառման առնչությամբ՝ ցանկություն հայտնելով, որ այն անպայման դառնա ավանդական-ամենամյա:

Միջոցառման ավարտին Սարգիս Թովմասյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ աշխատանքի և ակտիվ քննարկումների համար, հույս հայտնելով, որ մասնակիցների շփումներն ու համագործակցությունը գիտական հետազոտությունների բնագավառում կլինեն շարունակական: Ակնկալվում է, որ բավարար չափով նյութեր ներկայացնելու պարագայում մինչև տարեվերջ հնարավոր կլինի կազմակերպել երիտասարդական գիտաժողով:

Ամառային դպրոցի բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ մրցույթի հաղթողներին՝ դիպլոմներ: Նախատեսվում է ամառային դպրոցի վերաբերյալ  հրատարակել տեղեկատվություն: Ծրագրին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:

03.07.24