ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
«Պատմական աշխարհագրություն» դասընթացի ուսուցման շրջանակում ՃՇՀԱՀ «Զբոսաշրջություն» մասնագիտության առաջին կուրսի (Ք05) հետ համատեղ Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնը` դասախոս Սուսաննա Բարսեղյանի գլխավորությամբ, կազմակերպել էր հանդիպում «Բարև, Էրգիր» հաղորդաշարի վարող, հայտնի դերասան Սամվել Թոփալյանի հետ: Հանդիպման նպատակն էր ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների, դրանց վիճակի, պահպանման մասին, ինչպես նաև խորհրդատվություն ստանալ հետագայում Արևմտյան Հայաստան այցի և զբոսաշրջության կազմակերպման վերաբերյալ: Հանդիպումը հետաքրքիր քննարկում ծավալելու հնարավորություն տվեց ուսանողներին:
Դասախոսը ողջունեց հանդիպման բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց Ս. Թոփալյանին՝ հրավերն ընդունելու համար: Վերջինս նաև նշեց, որ ուսանողները մեծ հետաքրքրությամբ են հետևում իրենց դասախոսություններին թեմատիկ առումով առնչվող հաղորդումներին, և նմանօրինակ հանդիպումների ընթացքում ծավալվող քննարկումները առավել շոշափելի են դարձնում ուսանողներին հետաքրքրող հարցերի շրջանակը՝ միաժամանակ նրանց հայրենաճանաչության գեղեցիկ դասերով տալով: