Երբ կես սրվակ արյունը կարող է կյանք արժենալ:
ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհրդի և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպության համագործակցության արդյունքում՝ այսօր մեր համալսարանում մի շարք ուսանողներ, դասախոսներ և աշխատակիցներ մասնակցեցին «Եղիր դոնոր, փրկիր մեկ կյանք» նախաձեռնությանը:
Կազմակերպության բժիշկ Միհրան Նազարեթյանն ուսանողներին ներկայացրեց արյան դոնոր լինելու կարևորությունը, անհրաժեշտությունը և դոնորագրվելու պայմանները: Բժիշկը նշեց, որ հիվանդի և դոնորի միջև համատեղելիությունն էապես կախված է ժառանգական և էթնիկական բնորոշիչներից, ուստի ավելի արդյունավետ է հիվանդի համար համատեղելի դոնոր փնտրել էթնիկական նույն ծագումնաբանություն ունեցող անձանց շրջանակներում։ Ժառանգական անհամապատասխանությունների պատճառով այն հայ հիվանդները, որոնց բուժման համար ցուցված է միայն ոսկրածուծի փոխպատվաստումը, մահանում են՝ համապատասխան դոնոր չգտնելու պատճառով։ Հետևաբար խիստ անհրաժեշտ և կարևոր է ունենալ հայ դոնորների ռեեստր, որը կփրկի լեյկիմեայով և արյան հիվանդություններով տառապող հայ հիվանդների կյանքը։
Գործունեության 20 տարիների ընթացքում՝ Ոսկրածուծի Դոնորների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ հանդիսացող Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի և բարեգութ դոնորների շնորհիվ, բազմաթիվ կյանքեր են փրկվել:
Այսօր էլ, արդեն որերորդ անգամ, մեր համալսարանականներն են միանում այդ մարդասիրական գործին. նրանցից յուրաքանչյուրն էլ նույն հավատով, որ աշխարհի որևէ անկյունում ինչ-որ մեկը հենց իր արյան կարիքն ունի:
Չհապաղեց ոչ-ոք: Առաջիններից էր Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, այնուհետև, հաջորդաբար լրացված թերթիկներ, արյուն տալու համար պարզված ձեռքեր և հույսով լցված աչքեր. «երանի համատեղելի լինեմ քաղցկեղով հիվանդներից գոնե մեկի հետ»: