ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԻՊԼՈՄՆԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՑ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայներ ուսանողները գրանցել են հերթական հաջողությունները՝ Նիժնի-Նովգորոդում կայացած ճարտարապետական և դիզայներական աշխատանքների միջազգային մրցույթ-ստուգատեսում:

Մեր համալսարանը մրցույթին ներկայանում է արդեն 4-րդ անգամ՝ կրկին արժանանալով բարձր գնահատականների ու գովեստի խոսքերի: Ինչպես իր խոսքում նշեց Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը՝ տարեցտարի նկատվում է ներկայացվող աշխատանքների թե´ որակի, թե´ մատուցման տեխնիկայի ուժեղացում: Արդյունքը՝ դիպլոմներն ու հատուկ մրցանակներն են:

Այս տարի մրցույթին ներկայացված էր 62 բուհից շուրջ 750 նախագիծ: Մեր համալսարանից մասնակցում էր 14 ուսանող, որոնցից 11-ն արժանացել են 1-ին կարգի դիպլոմի, 3-ը՝ 2-րդ կարգի, նաև հատուկ մրցանակ է շնորհվել Դիզայներների միջազգային ասոցիացիայի կողմից:

Հանձնելով դիպլոմներն ու շնորհավորելով մրցանակակիրներին՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը նշեց, որ, հատկապես, վերջին տարիներին, դիզայներներն իրենց գերազանց և օրինակելի նախագծերով ու մրցույթներում գրանցած հաջողություններով բարձր են պահում համալսարանի անունը, նաև փաստում, որ ուժեղ է ոչ միայն մեր ճարտարապետական դպրոցը, այլ նաև՝ դիզայներականը:

Կիսվելով մրցույթի տպավորություններով՝ Արմեն Բուբուշյանը նաև տեղեկացրեց, որ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք արտասահմանյան բուհերի հետ, իսկ արդեն այս ամիս կհստակեցվի Միլանի Պոլիտեխնիկի հետ համագործակցությունը՝ դիզայնի ոլորտում:

 3,433 просмотров всего,  1 просмотров сегодня

05.11.19

 3,434 просмотров всего,  2 просмотров сегодня