Ավանդույթի համաձայն ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավորությամբ դիպլոմներ ստացան շինհրապարակում։
Այսօր «Դվին» ռեստորանային համալիրի կիսակառույց մասնաշենքի շինհրապարակը մեր շրջանավարտների երջանկությունից, հուզմունքից, ոգևորությունից և պրոֆեսորադասախոսական կազմին ուղղված երախտիքի խոսքերից առանձնակի շուք և ջերմություն ստացավ։ Համալսարանի շինարարական ֆակուլտետի շրջանավարտներին հանձնվեցին 22 մագիստրոսի (որոնցից 15-ը՝ գերազանցության) և 104 բակալավրի (որոնցից 9-ը՝ գերազանցության) դիպլոմներ։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին համալարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ, «Կամուրջ Շին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, «Երևան Շին» ընկերության խորդհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը, «ՄիկՄետալ» ՓԲԸ-ի տնօրեն Վահան Հարությունյանը, ՀԱԷԿԻ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Աշոտ Վարդանյանը, համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, շինարարական ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը և այլոք։
Շինարարական ոլորտի կորիֆեյները շնորհավորեցին իրենց երիտասարդ գործընկերներին՝ նրանց մաղթելով հաջողություն իրենց բարդ, բայց հետաքրքիր գործում։
Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նրանց մաղթեց ձեռքբերումներ մասնագիտական, անձնական կյանքում և պատգամեց սիրել մասնագիտությունը, երբեք չընկճվել կյանքի դժվարություններից և համալսարանում ստացած գիտելիքներն անընդհատ նորացնել ինքնազարգացմամբ, կատարելագործվել և գնալ առաջ։ Ռեկտորն իր խոսքում նկատեց, որ շինարարը ստեղծագործ, արարող և երկիրը շենացնող մասնագիտություն է և որ շինարարը, բացի պրոֆեսիոնալ բարձր որակավորումից, պետք է լինի նաև հայրենասեր։