ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԳՈՐԾ՝ ԻՆՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋՈՑՈՎ

Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի մեկնարկից շուրջ մեկ և կես տարի անց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում արդեն պատրաստ է Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը:

Արված աշխատանքներն ամփոփելու և հետագա անելիքները հստակեցնելու նպատակով՝ այսօր մեր համալսարանում էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նշենք, որ ծրագրի նպատակն է նպաստել ուսանողների ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Առանձնակի կարևորվում են ճարտարագետ ուսանողների համար ինովացիաների և ձեռնարկատիրության վերաբերյալ դասընթացների մշակումը, դասավանդման և ուսումնառության գործընթացում ինովացիոն մանկավարժության և կարողությանունների գնահատման ներդնումը, գործընկեր բուհերում ինովացիոն կենտրոնների ստեղծումը՝ ճարտարագետ ուսանողների և աշխատակիցների ինովացիոն գաղափարների առևտրայնացմանն աջակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կրկին բարձրաձայնվեց նման կենտրոնի անհրաժեշտության մասին ինչպես ուսանողների զարգացման և առաջխաղացման, այնպես էլ պետության տնտեսական աճը խթանելու տեսանկյունից: Ինչպես նշվեց՝ աշխարհում բուհական միջավայրն ինքնին արդեն նպաստավոր էկոմիջավայր է նորարարական գաղափարների առաջացման և դրանց իրականացման համար: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ձգտում ստարտափ ստեղծել, որոնք ոգևորվում և ոգեշնչվում են բազմաթիվ պատմություններով, թե ինչպես կարելի է ստարտափ ստեղծել և միանգամից միլիոններ աշխատել: Իհարկե ամեն ինչ այդքան հեշտ չէ, իրականում նման հաջողությանը նախորդում են հսկայական աշխատանքը, փորձերը, ձախողումները… Ինչևէ, ՃՇՀԱՀ-ում նման կենտրոնի ստեղծումը ինչ-որ չափով կնպաստի բուհի երիտասարդների նմանատիպ երազանքների իրականացմանը: Կենտրոնը հետագայում ակտիվ գործունեություն կիրականացնի այս ուղղությամբ՝ կազմակերպելով տարբեր բնույթի միջոցառումներ, հանդիպումներ գործարարների հետ, ստարտափերի մրցույթներ, տարբեր տեսակի վերապատրաստման դասընթացներ (ձեռնարկատիրության, հեղինակային իրավունքի վերաբերյալ և այլն):

Ահա այս և ծրագրի նպատակներից բխող այլ հարցերի շուրջ քննարկումներ իրականացվեցին մոնիտորինգի ընթացքում, որին մասնակցում էին ԻննոՍԵՆՍ ծրագրի հայաստանյան բոլոր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագրի ազգային համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի մեկ և կես տարվա ընթացքում իրականացված գործողությունները և մինչ այժմ գրանցված արդյունքները: Մոնիտորինգին մասնակցող գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները և, հատկապես, կրթության և գիտության նախարարության աշխատակիցները ողջունեցին ծրագրի ինչպես գաղափարը, այնպես էլ դրա իրականացման ընթացքը: Իսկ Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներն էլ կարևորեցին ծրագրի ընթացքի և հաջողությունների տարածումը այլ բուհերի և շահակից կազմակերպությունների շրջանում:

Հանդիպման վերջում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները նշեցին, որ մոնիտորինգի արդյունքներն ամփոփելուց հետո, նրանք համապատասխան առաջարկություններ ու խորհրդատվություն կուղղեն ծրագրի գործընկերներին, ինչը կնպաստի ի հայտ եկած թերություններն ու խնդիրները վերացնելուն և ծրագրի գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելուն:

Նշենք, որ ԻննոՍԵՆՍ նախագծի կոնսորցիումը ներառում է 19 գործընկեր Շվեդիայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից և Ղազախստանից: Նախագիծը համակարգում է Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը (KTH): ՃՇՀԱՀ-ը հանդիսանում հայաստանյան համակարգող կազմակերպությունը: Նախագծի տևողությունը 3 տարի է: Այն սկսվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ ՃՇՀԱՀ-ում կազմակերպված մեկնարկային հանդիպմամբ, և կավարտվի 2019 թվականի դեկտեմբերին:

 

 

12.04.18

 836 просмотров всего,  1 просмотров сегодня