(010) 303-300

ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ՝ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՇԻՆԱՐԱՐ.  ՆՇՎԵՑ ՀԱՅ ՇԻՆԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

Այսօր մեծ հանդիսությամբ, ավանդաբար, նշվեց հայ Շինարարի մասնագիտական տոնը: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ոլորտի ներկայացուցիչներ և հյուրեր:

Շնորհավորելով խորհրդանշական տոնի առթիվ՝ փոխվարչապետ Ավինյանը նշեց, որ հայ շինարարը մշտապես եղել է հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքերում, իսկ շինարարները մարդիկ են, որոնք մեր երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկի՝ շինարարության ոլորտի անձնուրաց նվիրյալներն են: Այս համատեքստում՝ փոխվարչապետը կարևորեց, հատկապես, սոցիալական ուղղվածություն ունեցող կառուցապատման ծրագրերի իրագործումը. «Կառավարությունը գիտակցում է, որ շինարարական ոլորտն առողջացնելու համար շատ կարևոր է լիցենզավորման ու գնագոյացման խնդիրների կարգավորումը, ինչպես նաև փոխկապակցված պետական շինարարության մրցույթների գործընթացի հիմնովին վերանայման հարցը: Նաև անհրաժեշտ է փորձագիտական ոլորտի բարելավում, որը կապահովի վաղվա կառույցների անվտանգությունը»:

«ՀՀ կառավարության կողմից առանձնակի հանդիսությամբ նշվող այս մասնագիտական տոնն ամրագրում է քաղաքաշինության բնագավառի և, հատկապես շինարարի կարևոր առաքելությունը երկրի տնտեսության զարգացման և առաջընթացի գործում»,-Հայաստանի շինարարների միության և անձամբ իր անունից շնորհավորական ուղերձում նկատեց Գագիկ Գալստյանը: Նա նշեց, որ, ՀՀ Շինարարների միությունը, օգտագործելով իր կապերը և գործարար հարաբերությունները, պետական գերատեսչական մարմնի աջակցությամբ նախաձեռնում և անում է հնարավորինը՝ մեր երկրում շինարարական տնտեսության ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով ներգրավելու միջազգային խոշոր շինարարական կազմակերպությունների, ինչն անխուսափելի է դարձնում երկրի շինարարական տնտեսության հետագա զարգացումը: Ինչ վերաբերվում է շինարարական կրթությանը և ապագայում նույնպես հայ շինարարի պատվավոր անունը բարձր պահելուն, ապա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ՀՀ Ճարտարապետների պալատի և ՀՀ Շինարարների միության հետ համատեղ անում է առավելագույնը՝ թե’ մեր երկրում, թե’ երկրի սահմաններից դուրս, ուսանողների ճարտարապետաշինարարական որակյալ և արդյունավետ ուսումնական պրակտիկաները կազմակերպելու համար:

Փոխադարձ շնորհավորանքներին հաջորդեց ամենահատկանշականը. ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:

Շինարարը մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն, սեփական ազգին ու ժողովրդին շարունակաբար ծառայելու, արարելու սրբագույն պարտք: Այս համոզմունքով՝ հայ շինարարները միմյանց մաղթեցին քաջ առողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ և գալիք սերունդներին մնայուն արժեքներ փոխանցելու անսպառ հաստատակամություն:

09.08.19