ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՅՍ ՏԱՐԻ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆ ԱՍՏՂԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ Է

Ուսանողների միջազգային օրը առանձնակի կարևորվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորող ուսանողի համար: Աստղիկ Ղազարյանի՝ «Վարդանանց, Շահինյան, Չարենց փողոցներին հարող տարածքի վերակազմակերպման հայեցակարգային նախագիծը» հաղթող ճանաչվեց   «Յուրգիս Բալտրուշայտիսի» անվան ամենամյա մրցանակաբաշխության «Պատմաճարտարապետական միջավայրի արդիականացում» անվանակարգում՝ արժանանալով «ՊԵՏՐՈՍ ԱԼՈՅԱՆ» հիմնադրամի կողմից սահմանված կրթաթոշակի (1500 եվրո պարգևատրությամբ):

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, «ՊԵՏՐՈՍ ԱԼՈՅԱՆ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Մեդիամաքս» գործակալության կողմից համատեղ իրականացվող  ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կրում է լիտվացի պատմաբան, արվեստաբան և համեմատական հետազոտությունների հիմնադիր Յուրգիս Բալտրուշայտիսի անունը, կայացավ 2022 թ. նոյեմբերի 17-ին համալսարանի Յ. Բալտրուշայտիսի անվան լսարանում: Մրցույթի ավարտական փուլին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Էվալդաս Գալվանաուսկասը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի նախագահ Հայկ Ալոյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, ինչպես նաև ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ուսանողները: Ներկաները բարձր գնահատեցին եռակողմ այս համագործակցությունը՝ ուրախությամբ ընդգծելով, որ այն դարձել է ավանդական:

Մրցույթի նախնական փուլում հանձնաժողովին ներկայացվել է 17 նախագիծ: Ավարտական փուլի համար ընտրվել էր 5 ուսանողի աշխատանք: Եզրափակիչ փուլում՝ աշխատանքները ներկայացնելուց հետո, հանձնաժողովը քննարկեց նախագծերը, և առաջնությունը տրվեց այն նախագծին, որը արդիական է իրականացման ու վերակառուցման տեսանկյունից: Ուսումնասիրելով ներկայացված նախագծերը՝ «Պետրոս Ալոյան» հիմնադրամի նախագահ Հայկ Ալոյանը առանձնակի կարևորեց այս միջոցառումը՝ նշելով. «Տարեցտարի ընդլայնվում է ուսանողների  մասնակցության թիվը: Հուսով եմ, որ գնալով ավելի լավ աշխատանքներ ենք տեսնելու»:

Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակը հիմնադրվել է 2017 թ.: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին համագործակցության համար և ընդգծեց մրցանակաբաշխության կարևոր դերը՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է հայ-լիտվական բարեկամությանը: 

 297 просмотров всего,  3 просмотров сегодня

20.11.22

 298 просмотров всего,  4 просмотров сегодня