(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան ընդառաջ տեղի ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ կազմակերպված «Ազգային ստանդարտների կարևորությունը» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցեցին մասնագիտական համայնքի շուրջ 35 ներկայացուցիչ՝ դասախոսներ, սառնարանային և օդորակման ոլորտի մասնագետներ, փորձագետներ, ուսանողներ, ասպիրանտներ:

Հանդիպմանը որպես խոսնակ հանդես եկան ՃՇՀԱՀ Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ Աննա Քարամյանը,  Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի տնօրենի տեղակալ Հայկ Զեյնալյանը և նույն կառույցի տեսակի հաստատման բաժնի մասնագետ Լուսինե Խաչատրյանը, Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Հարությունյանը և Զվարթնոց միջազգային օդանավակայանի ավագ ինժեներ Սաշա Մկրտչյանը:

Բացման արարողությունը մեկնարկեց Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձ կատարվեց հանդիպման նպատակներին և ակնկալիքներին:

Ելույթով հանդես եկավ ՃՇՀԱՀ Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ Աննա Քարամյանը, կարևորելով կրթության և իրավասության ճիշտ հարաբերակցությունը: «Կրթությունն  է կառուցում  իրավասությունների հիմքը, ուստի կարևոր է բացի գիտելիքներ փոխանցելուց, նաև զարգացնել դրանք կիրառելու կարողությունները: Պետք է կենտրոնանալ վարպետության վրա և շարունակական զարգացնել հմտությունները», — նշեց տիկին Քարամյանը:

Ինտերակտիվ քննարկմանն անդրադարձ կատարվեց օզոնային շերտի պահպանության և ստանդարտների միջև կապին, վերջինիս կիրառման արդյունքում սառնամատակարարման և օդորակման ոլորտում գործարկվող ժամանակակից տեխնոլոգիական լուծումների արդյունավետությանը, ինչպես նաև ներկայացված ստանդարտների կիրառման միջազգային փորձին:

Քննարկումն ամփոփվեց այն շեշտադրմամբ, որ ոլորտում գործող բոլոր սուբյեկտների միջև համագործակցությունը պետք է բարձրացվի նոր մակարդակի՝ այն դարձնելով էլ ավելի արդյունավետ:

Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են ՇՄՆ-ի կողմից ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում:

13.09.24