(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ

Շինարարության էկոնոմիկայի գծով առաջին շրջանավարտները ֆակուլտետը տվել է դեռևս 1937 թ., իսկ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ ուսանողներ՝ 1972 թվականից: 1962 թ. բացվել է «Շինարարության կազմակերպում և էկոնոմիկա» մասնագիտությունը: 1988 թ. Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի կազմում ձևավորվել է ինֆորմատիկայի գծով «Շինարարության ավտոմատ ղեկավարման և նախագծման ավտոմատացման համակարգեր» ամբիոնը: 1990 թ. կազմավորվել է Շինարարության տեխնոլոգիայի ֆակուլտետը: 1990-1993 թթ. այն ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Գագիկ Բադեյանը: Պատրաստել են ինժեներ-տնտեսագետներ հետևյալ մասնագիտացումներով՝ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» (շինարարության ճյուղում), «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» (քաղաքային տնտեսության, բնակարանային և կոմունալ ծառայությունների ճյուղում):

1993 թվականից Շինարարության տեխնոլոգիայի ֆակուլտետը ղեկավարել է տ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Ասիրյանը: Համալսարանում 1992 թվականից գործել է «Շինարարության էկոնոմիկայի և կառավարման» ամբիոնը, որը ղեկավարել է տ.գ.թ., պրոֆեսոր Սարգիս Ստեփանյանը: 2008 թվականից ի վեր համալսարանում գործում է Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնը, որը պատրաստում է ՏՏ ոլորտի մասնագետներ: 2010 թվականին ձևավորվել է Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետը, որի կազմում ընդգրկվել են Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման, Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնները: 2011 թվականին ֆակուլտետը ղեկավարել է Պետրոս Համբարձումյանը, 2012 թվականից՝ Տիգրան Մարտիրոսյանը, իսկ 2019 թվականից՝ Մարինե Գրիգորյանը: 2020 թվականից ֆակուլտետի կազմում ընդգրկվել է նաև Լեզուների ամբիոնը: Այժմ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետում գործում է երեք ամբիոն, որից երկուսը՝ մասնագիտաց­նող: Դրանք են՝

  1. Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման,
  2. Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի,
  3. Լեզուների ամբիոնները:

Ֆակուլտետի դասախոսական կազմը բաղկացած է 110 անդամից, որոնք գիտական աստիճաններ, գիտական կոչումներ ունեցող մասնագետներ են, պետական կառավարման համակարգի ղեկավար-պաշտոնյաներ, խոշոր ընկերությունների կառավարիչներ, տնտեսության տարբեր ճյուղերի առաջատար կազմակերպություն­ների լավագույն մասնագետներ, կազմակերպության ղեկավարներ, մասնավոր ընկերություն­ների առաջատար մասնագետներ:

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը ֆակուլտետի թողարկող ամբիոններից է: Ամբիոնն այսօր Հայաստանում շինարարության գնագոյացման, շինարարական նախագծերի կառավարման մասնագետների միակ պատրաստողն է: ՀՀ պետական հիմնարկների և մասնավոր կազմակերպությունների հետ ամբիոնի սերտ համագործակցության արդյունքում ուսանողները և շրջանավարտներն իրենց ուրույն տեղն են գտնում մասնագիտական ոլորտում:

Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնը ֆակուլտետի մյուս թողարկող ամբիոնն է: Ամբիոնում պատրաստում են մասնագետներ հաշվողական ցանցերի նախագծման և շահագործման, արհեստական բանականության, մեծ տվյալների մշակման և ավտոմատացված կառավարման ասպարեզում: Ամբիոնը համագործակցում է հայաստանյան կազմակերպությունների հետ, օգտագործում նրանց արտադրական և հետազոտական բազան, որն էլ հնարավորություն է ընձեռում ուսանողներին ապահովվելու մասնագիտական աշխատանքով:

Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է հետևյալ մասնագի­տութ­­յուն­­­ներով`

  • Տնտեսագիտություն
  • Հաշվապահական հաշվառում և հարկում
  • Կառավարում
  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
  • Տեղեկատվական համակարգեր:

Ֆակուլտետի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է բերված մասնագի­տութ­յուն­­ներով`

  • Կառավարում
  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն):

Ֆակուլտետում առկա եռակողմ կնքված համաձայնագրի՝ «Նախագծերի կառավարում (զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտում)» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ուսանողներին հնարավորություն է տրվում մեկ տարի ուսումնառել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում, փորձառություն ստանալ Իտալիայի Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի մասնաճյուղում, իսկ մեկ տարի դասընթացները համատեղ կազմակերպվում են ՃՇՀԱՀ-ում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ): Ծրագրի հաջող ավարտին ուսանողներին շնորհվում են երկու որակավորում ու երկու դիպլոմ, որից մեկը՝ ՎՊՀ-ի կողմից, իսկ մյուսը՝ համատեղ՝ ՃՇՀԱՀ-ի և ՀՊՏՀ-ի կողմից:

Ֆակուլտետում ուսուցումը բակալավրիատում և մագիստրատուրայում իրականաց­վում է նաև հեռակա ուսուցման ձևով:

Ֆակուլտետը համագործակցում է Հայաստանի Հանրապետության և արտերկրի մի շարք համալսարանների և կազմակերպությունների հետ, ինչպես նաև ֆակուլտետի ուսանողները ակտիվ մասնակցում են համալսարանի կողմից առաջարկվող միջազգային կրթաթոշակային շարժունության ծրագրերին, արտերկրի բուհերում կազմակերպվող  ամառային դպրոցներին:

Հաշվի առնելով ֆակուլտետում մասնագիտությունների զարգացման տեմպերը, անընդհատ ավելացող պահանջները՝ ամենամյա կտրվածքով վերանայվում են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, կազմակերպվում են սեմինարներ բնագավառի առաջատար մասնագետների մասնակցությամբ, ուսանողները մասնակցում են տարբեր ծրագրերի, տեղական և միջազգային մրցույթների:

Այսօր ֆակուլտետում սովորում է ավելի քան 750 ուսանող: Վերջին հինգ տարիներին ֆակուլտետը տարեկան ավարտում է շուրջ 170 շրջանավարտ: Ներկայումս ֆակուլտետի շրջանավարտները զբաղեցնում են պետական և համայնքային կառույցների պաշտոններ, կազմակերպությունների ղեկավարներ են և ոլորտի առաջատար մասնագետներ: