(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտ

Երկրաշարժի դասերով թելադրված այս պահանջների համապատկերում անհրաժեշտություն առաջացավ հանրապետությունում հիմնելու նոր բարձրագույն ուսումնական հաստատություն, որի արդյունքում 1989 թվականին ստեղծվեց Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը/2000 թվականից` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, իսկ 2014 թվականից` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան/:

Համալսարանն իր բոլոր ենթակառուցվածքներով և ստորաբաժանումներով ստեղծվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմքի վրա: Նույն կերպ 1990թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի հիմքի վրա ստեղծվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը, որի վարիչ ընտրվեց ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Բաբլոյանը, իսկ 2008-2023թթ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր պրոֆեսոր Սուրեն Մխիթարյանը, տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ստեփան Զարգարյանը, նյութերի դիմադրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Սերգեյ Մելքումյանը: 1993-1997թթ. ամբիոնը վերակազմավորվեց` անվանվելով Նյութերի դիմադրության և տեսական մեխանիկայի ամբիոն: Ամբիոնի վարիչի պաշտոնում նշանակվեց Նիկոլայ Սարգսյանը: Շինարարական մեխանիկայի ամբիոնը՝ վարիչ,  տեխ.գիտ. դոկտոր, դոցենտ Լևոն Պետրոսյանը, 1995-97թթ.` ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դարբինյանը: 1997-2023 թվականներին ամբիոնի վարիչն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Էդուարդ Խաչիյանը: Ամբիոններում ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքներին զուգահեռ կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ, պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ, անհրաժեշտության դեպքում համալսարանի այլ ամբիոների աշխատակիցների համար կազմակերպվել են գիտական խորհրդատվություններ:

2023 թվականի հունիսից բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը, տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոնը, շինարարական մեխանիկայի ամբիոնը վերամիավորվեց և կոչվեց Մաթեմատիկայի շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտ, որի ղեկավար ընտրվեց ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Յուրիկ Ստեփանի Բաբայանը: Ներկայումս դեպարտամենտում աշխատում են ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Յու.Բաբայանը /դեպարտամենտի ղեկավար/, ֆ.մ.գ.դ.,պրոֆեսոր Կ. Աղայանը, դոցենտներ Հ. Կանեցյանը, Մ. Մկրտչյանը, Վ. Եդոյանը, Մ. Գրիգորյանը, Ս. Սարգսյանը, Լ. Սողոմոնյանը, Լ. Լևոնյանը, Ս. Գաբրիելյանը, Ն. Արևշատյանը, Գ. Տեր-Պետրոսյանը, Ս. Վալեսյանը, ասիստենտներ Ն. Էվոյանը, Դ. Մելքոնյանը, դասախոսներ Ն. Վասիլյանը, Հ. Հարությունյանը, ասպիրանտ Ս. Մալումյանը, գործավարներ Գ. Շահվերդյանը, Մ. Աբգարյանը և Լ. Սերոբյանը:

ՄՇՄՖ դեպարտամենտը համահամալսարանական է և սպասարկում է բոլոր ֆակուլտետների /բացի դիզայն/ ուսանողներին, մագիստրանտներին և ասպիրանտներին:

Դեպարտամենտի ուսումնական աշխատանքներին զուգընթաց կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ՝ նվիրված ինտեգրալ հավասարումների և ինտեգրալ ձևափոխությունների կիրառությանը հոծ միջավայրի մեխանիկայի եզրային խնդիրներում, մաթեմատիկական ֆիզիկայի հատուկ ֆունկցիաներին, անալիտիկ ֆունկցիաների եզրային խնդիրներին: Յուրի Բաբայանի ղեկավարությամբ գործել է գիտական սեմինար Ֆիլիպ-Մորիս Լոռու Թուֆենկյան հյուրանոցայի համալիրում, ինչպես նաև դեկտեմբերին գործելու է «Էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությունը ջրային լուծույթների վրա» գիտական սեմինարը: Դեպարտամենտում մշակվել են ուսումնամեթոդական նյութեր, բարդ թեմաների մատչելի շարադրման եղանակներ, ուսումնական նոր ծրագրեր ճարտարապետների և շինարարների համար /ըստ մասնագիտությունների/, որոնք քննարկվել են ամբիոններում մշտական գործող գիտամեթոդական սեմինարներում: Արդյունքում դասախոսների կողմից վերամշակվել և հրատարակվել են մի քանի տասնյակ ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Դեպարտամենտում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում հետևյալ ուղղություններով.

  • ֆրեդհոլմի և սինգուլյար իմտեգրալ հավասարումների կիրառություններ հոծ միջավայրի մեխանիկայի եզրային խնդիրներում,
  • մաթեմատիկական ֆիզիկայի խառը եզրային խնդիրների որոշակի դասերի ինտեգրալային օպերատորների համար պոտենցիալի տեսության մեթոդներով սպեկտրալ և հարակից ինտեգրալային առնչությունների ստացման եղանակների մշակում,
  • ինտեգրալ հավասարումների և ինտեգրալ ձևափոխությունների մեթոդների կիրառություններ դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային խնդիրներում, քայքայման մեխանիկայում, ծակոտկեն գրունտներում հեղուկի ֆիլտրացիայի տեսության եզրային խնդիրներում,
  • բարակապատ մարմինների մեխանիկայի ասիմպտոտիկ և այլ մաթեմատիկական մեթոդներ:
  • կիրառական առաձգականության տեսության խնդիրներ,
  • փոխկապակցված դաշտերի ուսումնասիրություն,
  • սեյսմակայունության ուսումնասիրություն,
  • կոմպոզիցիոն նյութերի մեխանիկա,
  • ուժեղ երկրաշարժի դեպքում գետնի սինթետիկ սեյսմոգրամների և աքսելելոգրամների կանխագուշակումը երկրաշարժը դիտարկելով որպես երկրի կեղևի ակնթարթային խզում,
  • կառուցվածքների և դրանց կրող տարրերի  հաշվարկը ստատիկ և դինամիկ ազդեցություններից հաշվի առնելով կրող տարրերի  տարածական և ոչ գծային  աշխատանքը,
  • պինդ մարմնի մեխանիկա դեֆորմացվող մարմնի մեխանիկա, սալեր և թաղանթներ, հիդրոաէրոդինամիկա, տատանումներ և կայունություն, պլաստիկության տեսություն, սողքի տեսություն:
  • կրող տարերի լարվածադեֆորմացված վիճակը ծռման, ոլորման համատեղ ազդեցությունների դեպքում նյութի անհամասեռության և ոչ  առաձգական դեֆորմացման պայմաններում:

Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտը միջազգային գիտական և գիտաուսումնական համագործակցության մեջ է Թրիեստի համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի, Խարկովի Ցածր Ջերմաստիճաններ ինստիտուտի Օդեսայի ճարտարապետության և շինարարության ազգային ակադեմիայի, ՌԴ հարավային դաշնային համալսարանի /Դոնի Ռոստով/, Օստրավայի /Չեխիա/ տեխնիկական համալսարանի, ԱՊՀ և հարևան երկրների առաջատար գիտամանկավարժական հիմնարկների, Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի, Կիևի պետական համալսարանի, Մոսկվայի «Сейсмостойкое строительство. Безопасность сооружений» ամսագրի և «ВЕСТНИК ЦНИИСК им. В. А. Кучеренко. Исследования по теории сооружений.» (Մոսկվա) ժողովածուի խմբագրական հանձնախմբերի անդամ, ՌԴ Մոսկվայի ինժեներաշինարարական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի հետ: