(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոն

«Գծագրական երկրաչափություն և գծագրություն» ամբիոնը հիմնադրվել է 1938թ.-ին, որը մինչև 1956թ. ղեկավարել է ՀԽՍՀ Գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Մ. Վարունցյանը: Այնուհետև նրան հաջորդել են 1956-1969թթ. տ.գ.թ., դոցենտ Ս. Հայրապետյանը, 1969-1991թթ. տ.գ.թ., դոցենտ Հ. Բաբայանը:

1989թ. ստեղծված Երևանի Ճարատարապետաշինարարական ինստիտուտի կազմում «Գծագրական երկրաչափություն, ինժեներական և մեքենայացված գրաֆիկա» վերանվանված ամբիոնը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Ս. Թորոսյանը, իսկ 1996թ.-ից մինչև 2007թ.-ի հունվարը ամբիոնի վարիչ է ընտրվել տ.գ.թ., դոցենտ Մ. Կարեյանը:

2006թ.-ին բուհերի բարեփոխման ծրագրերի շրջանակներում «Գծագրական երկրաչափություն, ինժեներական և մեքենայացված գրաֆիկա» ամբիոնի հիմքի վրա կազմավորվեցին` «Գծագրություն և նկարչություն» ամբիոնը (2006-2008թթ.), «Գծագրություն, համակարգչային գրաֆիկա և դիզայն» ամբիոնը (2008-2010թթ.) և «Գծագրություն և համակարգչային գրաֆիկա» ամբիոնը 2010թ.-ից: 2007թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում  է տ.գ.դ., պրոֆ. Մ.Զ. Պողոսյանը:

Այսօր ամբիոնը հագեցված լինելով համակարգչային լսարաններով վերանայում է դասավանդվող առարկաների բովանդակությունը՝ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին բավարարող, ապագա մասնագետներին համապատասխան գիտելիքներով ապահովելու նպատակով:

Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողներին, դասավանդելով գծագրություն, գծագրական երկրաչափություն և համակարգչային գրաֆիկային հարող առարկաներ: Դասընթացի ծրագրերը համալսարանի համար ընդհանուր լինելով հանդերձ, որոշ տարբերակումներ են պարունակում` հաշվի առնելով համալսարանում առկա մասնագիտությունները:

 Դասախոսական անձնակազմի բարձր որակավորումը և գիտամանկավարժական փորձը հնարավորություն են տվել կարճ ժամանակում թարմացնել առարկայական ծրագրերը, ուսումնամեթոդական ձեռնարկների ֆոնդը և այլն:

 Գրաֆիկական պատկերներ կառուցելու ունակությունը մարդկության հնագույն և արժեքավոր ձեռքբերումներից մեկն է: Պարզ գրաֆիկական պատկերները որպես հաղորդակցման միջոց  մարդիկ կիրառում  էին դեռևս հնադարում: Ժամանակի ընթացքում տեղեկատվության գրաֆիկական մեթոդի հնարավորություններն ու կիրառական բնագավառները ընդլայնվել են բազմակի  անգամ և այսօր դրանք մարդկանց գործնական կյանքում յուրահատուկ դեր ունեն:

Ներկայումս, երբ էլեկտրոնային հեղափոխությունը թափանցում է մարդու գործունեության բոլոր ոլորտները, համակարգիչներն արդեն լայնորեն կիրառվում են նաև կոնստրուկտորական գործունեության և հատկապես նախագծման բնագավառներում: Այս պայմաններում ճարտարապետից, դիզայներից, ինժեներ շինարարից պահանջվում է գրաֆիկական լեզվի իմացության նոր որակներ, ինչը հիմք է հանդիսանում ամբիոնում դասավանդվող առարկաների նոր ծրագրերի ստեղծման համար:

Ամբիոնի նախագծային ուղվածությունն նախանշված է ժամանակակից ճարտարապետության և դիզայնի ընդհանուր միտումով, այն է` առավելագույնս բացել տարածությունը և գեղագիտական առումով ներդաշնակ դարձնել մարդու համար:

Ամբիոնը թողարկել է շուրջ 130 գիտական և մեթոդական աշխատանքներ:

 

Պողոսյան Մանվել Զախարի Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բարսեղյան Լիանուշ Բարսեղի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ