Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Աննա Գրիգորյանը մարտի 16-ին, 18-ին և 19-ին՝ ժամը 15.00-ին, 2021 լսարանում վարելու է փոխգործուն (ինտերակտիվ) սեմինարների շարք:
Սեմինարավար Ա. Գրիգորյանն ունի 7 տարվա փորձառություն (մարդկային ռեսուրսների (HR) մենեջեր Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթ Էլ ԷՄ ՍՊԸ-ում) և 2016-2019 թթ. Դուբայում ու Թբլիսիում մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների ու թրեյնինգների:
Սեմինարների երկրորդ և երրորդ օրերին կլինեն նաև հրավիրյալ մասնագետներ՝ Մարիանա Էդիլյանը (ID բանկում կադրերի գծով տնօրեն) և Աննա Ակուլյանը («Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲԸ-ում կադրերի գծով ավագ մենեջեր):
ԱՌԱՋԻՆ ՕՐ ՝ մարտի 16 – «CV-ի ուժը»
Սեմինարի առաջին օրը մասնակիցներին կներկայացվեն.
· ի՞նչ է ինքնակենսագրականը (CV) և ի՞նչ նշանակություն ունի,
· ի՞նչ բովանդակություն պիտի ունենա CV-ին,
· գործունեության ոլորտներով պայմանավորված՝ ի՞նչ կառուցվածքային առանձնահատկություններ ունի CV-ին,
· որո՞նք են CV կազմելու վերջին միտումները,
· CV-ում առավել տարածված 5 սխալները:
ԵՐԿՐՈՐԴ ՕՐ ՝ մարտի 18 – «Հարցազրույցի կանաչ ու կարմիր լույսերը»
Սեմինարի երկրորդ օրը մասնակիցներին կներկայացվեն.
· հարցազրույցների կանաչ ու կարմիր լույսերը,
· ինչպե՞ս ավելի լավ տպավորություն թողնել կամ ներկայանալ գործատուին,
· առավել հաճախ հնչող հարցերը, օրինակ՝ հարցազրույցից հետո զանգահարե՞լ գործատուին, թե՞ ոչ,
ԵՐՐՈՐԴ ՕՐ ՝ մարտի 19 — «Ինչպե՞ս ներկայանալ գործատուին»
Սեմինարի երրորդ օրը մասնակիցներին կներկայացվեն.
· CV-ին որպես «վաճառքի առարկա»,
· ի՞նչ բովանդակությամբ նամակ (Cover letter) կցել CV-իին,
· ինչպե՞ս ներկայանալ գործատուին առավել շահեկան դիրքից,
· ինչպե՞ս հաղթահարել փորձաշրջանը և դրան առնչվող դժվարությունները:
Սեմինարը կամփոփվի հարց ու պատասխանով: Մասնակիցները հնարավորություն կունենան տեղում կազմելու CV և ստանալու մասնագիտական խորհրդատվություն, գործնական օրինակի վրա կիրականացվի նաև աշխատանքի ընդունման հարցազրույցների մոդելների վերարտադրում: Սեմինարների տևողությունը երկու ժամ է:
Սեմինարները նպատակաուղղված են՝ օգնելու երիտասարդներին հաղթահարել աշխատանքի ընդունման նախնական փուլի դժվարությունները, ձեռք բերել գործատուին պատշաճ ներկայանալու ու փորձաշրջանն արդյունավետ անցնելու հմտություններ: