Քննությունների և բուհերի հայտագրումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 25-ը` մինչև ժամը 18:00 dimord.am կայքի միջոցով:
Միասնական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը ընկած ժամանակահատվածում:
Ներբուհական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 10-27-ը ընկած ժամանակահատվածում:
Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։
Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները:
Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`
- Միասնական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը (900018003401),
- Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար բուհի հաշվեհամարին փոխանցված 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի էլեկտրոնային տարբերակը (15100-01964940200):
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 30-ը:
Կից ներկայացնում ենք դիմորդներին տրվող արտոնությունները.
- Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2- րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները:
- 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից:
- Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված դիմորդները՝ քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
- Դիմորդը (մրցույթի արդյունքներն ամփոփվելուց և հաստատվելուց հետո) բուհին ներկայացնում է սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՃՇՀԱՀ ընդունող հանձնաժողով 010 303 300 (9-33) հեռախոսահամարով: