ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 21-ի հերթական նիստի ընթացքում զեկուցվող հարցերի փաթեթով քննարկեց և ընդունեց «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ներկայացված նախագծով կառավարությունը հաստատեց գիտական պաշտոնների տարակարգերը, դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք խարսխված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության ու դրանց ղեկավարման պայմանների վրա։
Կարգով նկարագրվում են նաև յուրաքանչյուր տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները՝ այդպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունն ու հասարակությունը կարող են ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից։
Նախագծով սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել ՀՀ-ում տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և նախագծով այդ պաշտոնների պահանջներին համապատասխանող աշխատողները իրենց կամքով։
Ատեստավորման ենթակա են դառնում նաև գիտական ղեկավար պաշտոնները, որոնք մինչ այժմ որևէ իրավական ակտով սահմանված չէին, և նրանց ներկայացվող պահանջները անորոշ էին։ Գիտաշխատողները այժմ ժամանակ կունենան պատրաստվելու 2026թ․ պարտադիր ատեստավորմանը, քանի որ բավական լուրջ որակական պահանջներ են դրված հոդվածների տպագրության, գիտական աշխատանքների և մյուս ուղղություններով:
Մանրամասների համար անցեք հղումով: