Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր — 2025» մրցույթը, որը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա:
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով և նպատակ ունի բարելավել գիտական արդյունքների որակը, նպաստել գիտական գործունեության արդյունքների միջազգայնացմանը, բարձրացնել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավվածությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ, նպաստել նոր գիտական խմբերի ձևավորմանը և գործող գիտական խմբերի ամրապնդմանը՝ ներգրավելով սփյուռքի և արտերկրի գիտական ներուժը։
Մրցույթին կարող են մասնակցել 3-5 անդամ ունեցող գիտական խմբերը՝ օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ՝ ներկայացնելով 36 ամիս տևողությամբ նախագծեր։
Խմբի ղեկավար կարող են լինել 1954թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող անձինք։
Մրցույթին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների grants.hesc.am համակարգի միջոցով։Դիմելու վերջնաժամկետը 2024թ․ մայիսի 17-ն է: Թղթային տարբերակով Կոմիտե ներկայացվող փաստաթղթերի վերջնաժամկետը 2024 թ․ մայիսի 24-ն է:
Ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի հունվար ամսից։
Մանրամասների համար անցեք հղումով: