(010) 303-300

ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ՝ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Սիրելի´ համալսարանականներ, ապրիլի 20-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կկայանա անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում։

Միջոցառման նպատակն է արժևորել և հանրայնացնել մեծանուն ճարտարապետի ստեղծագործական հարուստ ժառանգությունը, խթանել երիտասարդների հետաքրքրությունը ճարտարապետության նկատմամբ, ինչպես նաև ընդգծել ոլորտում կրթության և մասնագիտական շարունակականության կարևորությունը։

Միջոցառման ընթացքում վկայագրեր կհանձնվեն ՃՇՀԱՀ ավագ դպրոցի այն աշակերտներին, ովքեր մասնակցել են ճարտարապետական մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում կազմակերպված քառօրյա աշխատանքային սեմինարին։ Բացի այդ, Ջիմ Թորոսյանի անվան մեդալներ կշնորհվեն համալսարանի մի շարք դասախոսների՝ ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև այցելություն առաջին կուրսի ուսանողների «Ծավալատարածական հորինվածք» առարկայի շրջանակում պատրաստված մակետների և ճարտարապետի հեղինակային էսքիզների ցուցահանդեսներին։

Միջոցառումը կմեկնարկի ապրիլի 20-ին, ժամը 14:00-ին՝ ռեկտորատի դահլիճում, որտեղ տեղի կունենան պաշտոնական բացումը, ելույթներ, ինչպես նաև վկայագրերի և մեդալների հանձման արարողությունը։

Ժամը 15:00-ից կկազմակերպվի շրջայց ցուցահանդեսներով (երկրորդ հարկի միջանցք, 2205 լսարան)։

19.04.26