Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է «Ռիելթորական գործունեություն» մասնագիտական կրթական ծրագրի մեկնարկի մասին՝ նախատեսված անշարժ գույքի շուկայում գործունեություն իրականացնող կամ ոլորտով հետաքրքրված անձանց համար։
Ծրագիրը մշակվել է «Ռիելթորական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և հաստատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով։ Ռիելթորների մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանված են 2025 թվականի նոյեմբերի 13-ին ընդունված «Ռիելթորական գործունեության մասին» ՀՀ օրենքով (https://www.arlis.am/hy/acts/217640/latest)։
Ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տալիս ստանալ ոլորտի արդիական և գործնական գիտելիքներ, ծանոթանալ անշարժ գույքի շուկայի իրավական, տնտեսական և տեխնիկական առանձնահատկություններին, ինչպես նաև ձեռք բերել ռիելթորական գործունեության իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։
Կրթական ծրագրի ավարտին տրամադրվող հավաստագիրը բարձրագույն կրթություն չունեցող անձանց հնարավորություն կտա մասնակցելու Կադաստրի կոմիտեի կողմից կազմակերպվող ռիելթորի որակավորման քննությանը՝ օրենքով սահմանված կարգով։
Ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական մոդուլներ` անշարժ գույքի շուկայի հիմունքներ, իրավական մոդուլ, անշարժ գույքի գնահատման հիմունքներ, տնտեսագիտություն, մարքեթինգ և վաճառք, տեխնիկական հմտություններ, ինչպես նաև գործնական սիմուլյացիաներ։
Ուսումնական գործընթացում մասնակիցները հնարավորություն կունենան կիրառել նաև ժամանակակից թվային գործիքներ, այդ թվում՝ GIS/ԱՏՀ համակարգեր, արհեստական բանականության լուծումներ և եռաչափ մոդելավորման տեխնոլոգիաներ։
Ծրագրի տևողությունը 6 ամիս է (120 ժամ)։ Դասընթացները կմեկնարկեն հունիսի 15-ին և կանցկացվեն առկա ձևաչափով։ Մասնակցության արժեքը կազմում է 420 000 ՀՀ դրամ՝ վճարման երկփուլ հնարավորությամբ։
Ծրագիրը նախատեսված է սկսնակների, գործող մասնագետների և ոլորտով հետաքրքրված անձանց համար։ Ծրագրի առնվազն 75%-ին մասնակցած, գործնական առաջադրանքները հաջողությամբ իրականացրած և վերջնական գնահատումն անցած մասնակիցներին կշնորհվի ՃՇՀԱՀ-ի հավաստագիր։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 10-ը լրացնել գրանցման հայտը հետևյալ հղմամբ`https://forms.gle/h1KbPLVvRxaM48wx5 : Բոլոր գրանցված մասնակիցների համար հունիսի 12-ին կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում։
Դասընթացները կանցկացվեն ՃՇՀԱՀ-ում (ք. Երևան, Տերյան 105)։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել extension@nuaca.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 30 33 00 (ներքին՝ 961) հեռախոսահամարով։