ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր հյուրընկալվել ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Այցը մեր համալսարան առաջին անգամն էր, բայց վճռական ու նպատակային: Դեսպանի կամքն էր՝ լինել դեսպան ոչ միայն երկու երկրների, այլ նաև համալսարանների միջև, մասնավորապես, դիզայնի ոլորտում:
Դեսպան Միկիսկային մեր համալսարանում ընդունեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտորներ Մարինա Ղազարյանը, Վարդգես Եդոյանը և Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը:
Ռեկտոր Գագիկ Գալստյանը ողջունեց դեսպանին՝ նշելով, որ, հատկապես, դիզայնի ոլորտում չեխական համալսարանների հետ համագործակցելու առաջարկը մեծ պատիվ է, և մեր համալսարանը սիրով պատրաստ է լուրջ և հեռանկարային քննարկումների:
Դեսպան Միկիսկան ևս կարևորեց հանդիպումը և ներկայացրեց Չեխիայում դիզայնով զբաղվող՝ հիմնական 2 համալսարանների գործունեությունը, որոնց հետ պատրաստ է անձամբ խորհրդակցել և համագործակցության եզրեր հարթել:
Արմեն Բուբուշյանը դեսպանին ներկայացրեց մեր համալսարանի Դիզայնի ֆակուլտետի առկա ուղղություններն ու առաջարկների փաթեթը, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փորձի փոխանակում, վարպետության դասեր և համատեղ պրակտիկա:
Երկկողմ քննարկումն ամփոփվեց՝ արդեն գարնան վերջ առավել հստակ քննարկումների և համագործակցության նոր պայմանագրերի կնքման ակնկալիքով: Դեսպանը հանդիպման ավարտին շրջեց մեր համալսարանում և հիացավ փետրվարի 27-ին բացված Գծանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ստեղծագործությունների ցուցահանդեսի աշխատանքներով: