(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ)

Շինարարի  մասնագիտություն ստանալու «կայծը» կամ առաջին դասերը ստացել եմ հորիցս՝ Իգիթ Գրիգորյանից, մի քանի անգամ նրա հետ այցելելով նրա աշխատավայրերը, որոնք բոլոր դեպքերում էլ եռուզեռով լեցուն  շինհրապարակներ էին։

Օրինակ՝ Երևանի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը. այն գտնվում է մանկական երկաթգծի հարևանությամբ, որտեղ նա աշխատում էր երկար տարիներ՝  ստույգ չեմ հիշում, կարծեմ  հյուսն կամ օժանդակ բանվոր, կամ «Ստալինյան ջրանցքի» շինարարությունը, որը գտնվում է «Պոբեդա» կամրջի հարևանությամբ՝ գինու-կոնյակի կոմբինատի հարևանությամբ: Ի դեպ այնտեղ ամեն օր ընդմիջման ժամին աշխատող­ներին անվճար հաց և երշիկ էին մատակարարում: Չգիտեմ թե ինչու, այդ երշիկի նման համով երշիկ ամբողջ կյանքում չեմ կերել: Հավանաբար առաջին անգամ էի երշիկ ուտում:

Հետագայում ես ինքս, դպրոցական և ուսումնառության բոլոր տարիների ամառային արձակուրդների ժամանակ աշխատել եմ, որպես բանվոր, հոգալով մասամբ իմ, մասամբ Էլ ընտանիքի հոգսերը: Շատ ավելի հիշարժան է իմ աշխատանքը ներկայիս ազգային ժողովի և մեր տան հարևանությամբ գտնվող շենքերի կառուցման ժամանակ, մինչև 1949թ.։ Այդ ժամանակ ես 16 տարեկան էի․ աշխատել սկսել եմ 13 տարեկանից։ Հիշում եմ անձնագիր չունենալու պատճառով իմ աշխատանքն ու աշխատավարձը գրանցվում  էր հորս անվամբ։

Անկեղծ ասած՝ ես այդ ժամանակ աչքի էի ընկնում իմ ֆիզիկական կարողությունների, պարտաճանաչության և աշխատասիրության շնոր­հիվ։ Հիմնականում օգնում էի որմնադիրներին, սպասարկում էի քարով և շաղախով, տեղադրում էի տախտակամած և այլն։ Ես հասկանում էի,  որ իմ աշխատանքը վարպետների և որմնադիրների սրտով էր․ պատի քարերը տեղադրելու ժամանակ՝ նրանք տախտակամածի վրա, իսկ ես ներքևում տարբեր չափի քարեր էին ուզում․ ես շուրջս նայելով գտնում էի իրենց ուզած քարը և տալիս․ հիմնականում՝ «պոչկապ» կոչվող քարակտորը, որը դրվում էր քարի ետնա­մասում՝ մինչև շաղախի ամրանալը՝ քարը ուղղաձիգ պահելու համար։ Համարյա չէի վրիպում, ինչը բավարարում էր և վարպետներին և ինձ։

Ինչևիցե, հետագայում իմ նախաձեռնությամբ առանց իմ ծնողների կարծիքը հարցնելու ընդունվեցի՝ այն ժամանակ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոֆակուլտետը (ներկայումս՝ Հայկական գյուղատնտես­ական ակադեմիա), գուցե ընտրության պատճառը այն էր, որ ես առաջին անգամ այցելել էի հիդրոէլեկտրակայանի կամ «Ստալինյան ջրանցքի» շինարարություն:

Ավարտելուց հետո ստանձնեցի տարբեր շենքերի ու շինությունների կառուցումը, բնակելի արտադրական, արդյունաբերական և այլն։ Խորհրդային տարիներին պարբերաբար բոլոր բնագավառի մասնագետներն ատեստավորվում էին մասնագիտական որակավորումը կրթական հիմնարար կարգավիճակին և մասնագիտական համապատա­ս­խան­ու­թյունը ստուգելու համար։

Այդ ժամանակ ես արդեն աշխատում էի «Աբովյանիշին» տրեստում, որպես շինարարական վարչության գլխավոր ինժեներ (1963թ.)։

Ատեստավորման ընթացքում հանձնաժողովը, որոշակի վերապահումով ինձ բավարար նշանակեց, այն է որ ես ունենալով «հիդրոֆակուլտետի» հիմնարար կրթություն, աշխատում եմ քաղաքացիական արդյունաբերական շինարարությունում։ Իմ պարա­գայում, ինձ թվաց որ դա թերություն է․ (հետագայում ես հասկացա, որ դա չէր ազդելու իմ հետագա աշխատանքային կենսագրության վրա)։

Խնդիրը ինձ հանգիստ չեր տալիս, թե ինչ է լինելու հետագայում․ այն կարող էր ինձ խանգարել իմ աշխատանքային  առաջընթացի համար։ Խնդիրը միայն իմ ներսում էր և ոչ մեկը ոչ մի ակնարկ չէր արել։

Ակնթարթային որոշում կայացրեցի հաշվի առնելով բոլոր դժվարությունները, այդ թվում ընտանեկան՝ ընդունվել «Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական քաղաքացիական շինարարության ֆակուլտետը»։ Արդեն ունեցած դիպլոմի հիման վրա էքստեռն քննություն հանձնեցի և միանգամից ընդունվեցի իմ երազած ֆակուլտետի 2-րդ կուրսը:

Այն ավարտեցի 1969 թվականին, երբ արդեն 13 տարի աշխատում էի շինարարությունում և ստացա շինարար ինժեների մասնագիտական դիպլոմ։

Շինարար դառնալու իմ անկոտրուն կամքը և անբեկանելի որոշումը, ձգտումն ու երազանքն ավելի պատկերավոր դարձնելու համար բերեմ մի տպավորիչ օրինակ.

Մարդն ամուսնանում է՝  բայց,  ոչ թե իր սիրած, երազած աղջկա հետ, այլ՝ ծնողների հորդորով և պարտադրանքով՝ մեկ այլ աղջկա հետ.

Անցնում են շատ տարիներ, սակայն տղան չի հաշտվում այդ ամուսության մտքի հետ, քանի որ տղայի մոտ չի խամրում և մարում առաջին սիրո բերկրանքը: Անգամ ծնվում են երեխաներ, անցնում է ժամանակ, տղան նժարում է մի կողմից՝ իր ընտանիքն ու երեխաները, մյուս կողմից իր չիրականացած և անավարտ սերը:

Ի վերջո  սերն է հաղթում և տղան դժվար որոշում է կայացնում. ապահարզան տալ կնոջը և որոնել, գտնել իր սիրած աղջկան, առաջին սիրուն, ամուսնանալ նրա հետ: Նա այդպես էլ անում է, ինչը նրան դարձնում է երջանիկ, իսկ ամուսնությունը՝ աստվածահաճո: Երազանքները կատարվում են:

Իմ պարագայում՝ ես «ապահարզան» չտվեցի իմ առաջին մասնագիտությանը՝ հիդրոտեխնիկային, այն օգտագործեցի իմ ատենախոսություններում, գրքերում, հոդվածներում, արտոնագրերում և դասախոսությունում:

Հիդրոտեխնիկայի և հիդրավլիկայի հիմունքները և գիտելիքները մասնավորա­պես օգտագործել եմ իմ թեկնածուական ատենախոսությունում, մեկ ամբողջական գրքում և այն հոդվածներում, որոնք նվիրված են շենքերի, շինությունների ուժեղացմանն ու վերակնգման աշխատնքներին՝ շաղախի ներարկման, սրսկման եղանակներին ու մեթոդներին:

Սակայն հիմնականում «ամուսնացա» իմ երազած մասնագիտու­թյան՝ շինարարության հետ:

Ներողամիտ եղեք իմ նկատմամբ և այդ համարեք «երկամուսնություն»:

Այդպես էլ է պատահում…

Հոգեպես հանգիստ էի, քանզի զբաղեցրած բոլոր պաշտոններս և հիմնարար կրթություններս համապատասխանում էին (կրկնում եմ ինձ ոչ մեկը այդ խնդրի մասին ակնարկ չի արել)։ Մտքումս ինքնագոհ էի բավարարված ինձանից, որ վերջապես գտա իմ ուզած հիմնարար կրթությունը, ավելի շուտ աստվածային մասնագիտությունը։

Սա այն մասնագիտությունն է որով ես կերտեցի իմ իսկական կենսագրությունը, առանց սպասելիքների ու ակնկալիքների, քանի որ շինարարի աշխատանքի արդյունքը մնայուն է ու հավերժական։

Հետագայում՝ երբ ես հնարավորություն և պատիվ ունեցա գրել   շինարարին նվիրված չափածո խոսքս, որը հետագայում դարձավ Երևանի Ճարտարապոտության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի օրհներգը, շինարարի և ճարտարապետի կերպարը արտահայտեցի  հետևյալ երկու տողերով.

Թող ամեն կերտած քարդ լուռ, անձայն,

    դառնա քեզ հավերժ փառքի հուշարձան…

Ցանկանում եմ նաև մեկնաբանել թե ինչու եմ մասնագիտությունը անվանել «Աստվածային»․ աստվածային, քանի որ շինարարը տուն է կառուցել, կառուցում և կառուցելու, ինչպես երկնային աստծո այնպես էլ երկնային մարդկանց համար։

Այդ են վկայում գոյություն ունեցող բազմաթիվ վանքերն ու եկեղեցիները, շենքերն ու շինությունները։

Հավելեմ որ «շենք շինություն, շինարար» բառերը լսելիս ես մի տեսակ համակվում եմ մասնագիտական մեծ հպարտությամբ։

Հայցելով բոլոր մասնագետների ու մասնագիտությունների ներողամտությունը, կարծում եմ, ինձ համար և ոչ միայն ինձ՝ այլ նաև շատերի համար շինարարի մասնագիտությունը առաջնային է։

Կրթությունը, գիտությունը, տնտեսությունը և այլն զարգանում են այն երկրներում, որտեղ զարգացած է շինարարությունը։

Անձամբ ես իմ ընտանիքի բարեկամներին ու ընտանիքին անդամներին հորդորելով տանում եմ այդ ուղղությամբ։

Շինարար լինելը և՛ հպարտություն է, և՛ պարտականություն, և՛ հավատարմություն հայրենիքի նկատմամբ, իսկ մասնագիտությանն անհավատարիմ լինելը՝  դավաճանություն է։

Փառք քեզ շինարար․․․

Հիդրոշինարարը իմ իմացությամբ  չի զիջում շինարարական կրթության մասնագետին։ Ավելին, նրանք եղել են և կան մեր հանրապետության լավագույն մասնագետները, լիարժեք տիրապետելով նաև շինարարությունը․ սակայն չգիտեմ թե ինչու՞ կարծել եմ թե դրանց տարբերությունը մեծ է․ իմ պարագայում անգամ, մտածել եմ թե հիդրոշինարարի դիպլոմով շինարարությունում աշխատելը թերություն է։ Կրկնվեմ հիդրոշինարար լինելը ինձ մոտ գուցե տպավորվել է Երևանի հիդրոէլեկտրակայանի և «Ստալինյան ջրանցքի» շինարարությունում աշխատելիս և ես այդ տպավորությունը փորձել եմ հասցնել բարձրագույն կրթության։

Մի մեջբերում կատարեմ. սովորաբար ընտանիքներում մեծերը փոքրերին ավանդական հարց են տալիս «որ մեծանաս ի՞նչ ես դառնալու»։ Ես ևս զերծ չեմ այդ գայթակղությունից՝ իմ տղա ծոռնիկին կրտսեր Վահրամին  հարցնում եմ․

— Ապեր ջան, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու…

— Զինվոր, պատասխանում է նա։

Ինչևիցե ես առանց հուսահատվելու տարբեր առիթներով կրկնում եմ հարցը, սակայն ցավոք սրտի ստանում եմ նույն պատասխանը՝ «զինվոր»։  

 Ինձ մոտ խոսում է մասնագիտական հպարտությունը և ես ինձ շինարարի մասնագիտության «անուղղելի» երկրպագուն եմ համարում, քանի որ շինարարի մեջ կա աստվածային կերպարի մի մասնիկը․ աշխատող և «հալալ քրտինքով» ապրող մարդու կերպարը։

Չգիտեմ, թե ինչքան ժամանակ կտևի իմ՝ և իմ ծոռնիկի «երկխոսությունը», «իմ ապեր ջան, որ մեծանաս ինչ ես դառնալու» հարցը և նրա կարճ «զինվոր» պատասխանը, բայց ես հետևողական ու հաս-տ­ա-տ­ա­­­-կամ, առանց նահանջելու շարունակելու եմ նրան «ներարկել» այն համոզմունքը, որ զինվոր դառնալը, հայրենի­քի հանդեպ պարտք է և պարտ­ա­կա­ն­ու­­­թյուն, իսկ շինարար դառնալը՝ մասնագիտություն, հեղինա­կ­ու­թյուն և մնայուն արժեք, աստվածային առաքելություն, որը գալիս է դարերից ու գնում դեպի դարեր:

Վերջապես մեր պապերից եկած ավանդույթը ո՞վ պետք է շարունակի եթե ոչ մեր թոռներն ու ծոռները:

Ուզում եմ Ձեզ ներկայացնել մի դրվագ իմ կյանքից՝ ինչ դերա­կա­տար­ու­թյուն են ունեցել իմ ծնողները՝ մասնաորապես հայրս, իմ կերպարի ձևավոր­ման հարցում:

Երբ ինժեների դիպլոմը ձեռքս մտա տուն ծնողներիս ներկայացնելու համար, «ազդարարեցի» ինժեներ շինարար դառնալու մասին, հայրս կարճ ոճով (ինչը հատուկ էր իրեն) ասաց.

— Շատ լավ է, բայց նայիր մեծ քարեր չգլորես:

Ինձ թվաց հայրս չի հասկացել իմ ասածը. տարիներ անց ես հասկացա, որ նա լավ էր հասկացել, ու ես նորից կրկնեցի. 

— Պապ ջան ես պետք է մարդկանց ղեկավարեմ, շենքեր կառուցեմ, ին՞չ քարեր գլորելու մասին է խոսքը…

      Նա եզրափակեց իմ խոսքը.

— Լավ, մտածիր, հետո կհասկանաս®

 Անցան տարիներ, իմացա, լուսահոգի հայրս ինչ էր ակնարկում: Չգայթակղվել, իրավական սխալներ թույլ չտալ, շահախնդիր չլինել և այլն, ինչին շատ-շատ  շինարարներ չեն դիմանում և ցավոք սրտի հայտնվում են անհար­մար, անցանկալի իրավիճակներում: «Մեծ քարեր» չգլորելու պատգամը ինձ ուղեկցել և մինչև այսօր ուղեկցում է ողջ կյանքիս ընթացքում ինչը փոխանցում եմ շրջապատիս: Ես այս մասին ավելի մանր­ա­­մասն նկարագրել եմ իմ գրքերից մեկում:

Քանի որ արվեստի երկրպագու եմ  և ամբողջ կյանքում իմ ժամանակի որոշ մասը հատկացրել եմ բանաստեղծություններ, պատմվածքներ և երգեր գրելով, փորձել եմ համալսարանի 100-ամյա հոբելյանին ևս մի չափածո խոսք եմ գրել, իմ և բոլոր տարիների շրջանավարտների կողմից մեր երախտագիտությունը համալսարանի և մասնագիտության նկատմամբ արտահայտելու համար, ստորև բերում եմ այդ խոսքը.

ՁՈՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ

 

Ճարտարապետության և շինարարության

Հայաստանի ազգային համալսարանի

 100- ամյա հոբելյանին

« Գործն է անմահ, լավ իմացեք,

որ խոսվում է դարեդար…»

                                Հ. Թումանյան

 

Դու՝ իմ սուրբ օջախ, նաև ազգային,

Առաքելությամբ՝ քո աստվածային,

Մենաշնորհով համամարդկային,

 Արդեն շուրջ մեկ դար կրթում ես հային.

Վեհ համոզմունքի դրոշդ առած,

Ջինջ ապագային՝ հայացքդ հառած,

        Շատ ինքնավստահ քայլում ես առաջ…

                                 

 Կրթել, կոփել ես բազմաթիվ սաներ,

        Ճարտարապետներ, ճարտարագետներ,

    Ու հանրաճանաչ շատ մասնագետներ

      Մեծ պատգամ ունես՝ ամեն ինչ անել…

      Ստանձնած «խաչը» մինչև վերջ տանել.

 

Դառնալ դարբնոց համահայկական,

 Որ շատ սերունդներ ուսանելու գան,

        Դառնալ վառ փարոս, նաև լույս կանթեղ,

 Անխոնջ արարել, լինել ամեն տեղ…

 

Փայլուն սաներիդ ազնիվ ջանքերով,

Ու հեղինակած կանգուն վանքերով,

Կյանքի են կոչվել շատ նախագծեր,

           Շենքեր, կամուրջներ, ճամփաներ գցվել…

 

Տաճարն ուսանած շատ նվիրյալներ,

Ազգի  պատմության էջեր են գրել,

Սերունդներ տվել, ո՞ր մեկը թվել…

 

Մեր խոնհարհումով ու երախտիքով,

Գիտական մտքի նոր հավատամքով

Միշտ հաստատակամ ու լիահույս ենք,

Բազում օջախներ կառուցենք, հյուսենք…

 

Նվիրվենք գործին, իրար սատարենք

ԵՎ միշտ մաքառենք որ հարակայենք,

 

 

Շրջենք անիվը, պատմության, բախտի,

Պապական հողը փոխենք դրախտի,

Երբ հայն իր հողում մնա չգաղթի,

Ոչ մի թշնամի նրան չի հաղթի:         

 

Ինչևիցե, չնայած շատ բան կա ասելու ու գրելու, բայց ամփոփելով միտքս, ասեմ. սիր­ել, սիրում և սիրելու եմ շինարարական մասնագիտությունը՝ աստվածային մասնա­գիտ­ու­թյունը:

 

ՇԱՏԿ ամբիոնի վարիչ, տ.գ.դ.,պրոֆեսոր,

ՀՀ վաստակավոր շինարար,

Ձեր խոնհար ծառա ՝Վ. Ի. Գրիգորյան

20.12.21