(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ESPAQ Տեմպուս նախագիծ. 2017 թ. նոյեմբերի 14-ի ESPAQ նախագծի եզրափակիչ կոնֆերանսը

Սույն թվականի նոյեմբերի 14-ին Երևանում կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ուսանողության մասնակցության ընդլայնումը Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործում» (ESPAQ Tempus) նախագծի ավարտը ազդարարող կոնֆերանսը, որին ներկա էին՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար պարոն Լ. Մկրտչյանը, նախագծի կոնսորցիումի գործընկեր հայաստանյան համալսարանների ռեկտորներ, պրոռեկտորներ, ուսանողներ, դասախոսներ և կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև եվրոպական գործընկեր համալսարանների և կազմակերպությունների (Եվրոպական ուսանողության միության  (ESU), Իտալիայի Մաչերատա համալսարանի (UNIMA), Իսպանիայի Լոգրոնո քաղաքի Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR), Ռումինիայի Բուխարեստ քաղաքի Սպիրու Հարեթ համալսարանի (SHU), Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի «SPARQS» կազմակերպության) ներկայացուցիչներ:

ՃՇՀԱՀ-ից Կոնֆերանսին մասնակցեցին պրոռեկտոր Ե.Վարդանյանը, Ուսխորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հ. Հովեյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վ. Հովհաննիսյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար Հ. Սարգսյանը, ուսանողներ և դասախոսներ:  Որակի ապահովման կենտրոնի գլխավոր մասնագետ Ի.Վանյանը մասնակցեց «ESPAQ ծրագրի ազդեցությունը որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման վրա» թեմայով ծավալված քննարկմանը:

Կոնֆերանսի ընթացքում ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ի դեմս՝ նախարար Լ. Մկրտչյանի) և կոնսորցիումի անդամների միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որում կողմերը համաձայնվեցին, որ նախագծի շրջանակներում Հայաստանի ուսանողների ասոցիացիան ձևավորում է ուսանող-փորձագետների խումբ, որի անդամները հետագայում աջակցելու են հայաստանյան բուհերին հավատարմագրման և որակի ապահովման գործընթացներում։ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) անունից հուշագիրը ստորագրեց պրոռեկտոր պրն․ Ե. Վարդանյանը:

ՃՇՀԱՀ-ի ուսանողներ Վահան Սարգսյանը, Էլզա Ղազարյանը, Մարինա Սահակյանը, Սոնա Պետրոսյանը, Նինա Պապոյանը, Ռուզաննա Հունանյանը, Ռոբերտ Հակոբյանը մասնակցեցին բարձրագույն կրթության որակի ապահովման թեմայով մշակված պոստերների մրցույթին: ՃՇՀԱՀ-ի ուսանողների կողմից մրցույթին ներկայացված 7 աշխատանքներից երկուսը շահեցին երկրորդ (Մարինա Սահակյանի աշխատանքը) և երրորդ (Վահան Սարգսյանի աշխատանքը) մրցանակները: Մյուս ուսանողներին տրվեցին խրախուսիչ նվերներ:

 

14.11.17