Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ծանր կորուստ ունեցավ։ Կյանքից հեռացել է դիզայնի ֆակուլտետի դեկան, դիզայներ, նկարիչ, քանդակագործ, կերպարվեստի պրոֆեսոր, Հայաստանի դիզայներների միավորման վարչության, Դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ, ՌԴ դիզայնի ազգային ակադեմիայի պատվավոր անդամ Արմեն Ռաֆայելի Բուբուշյանը։
Պրոֆեսոր Արմեն Ռաֆայելի Բուբուշյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ Ավարտելով Երևանի թիվ 42 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական արվեստի բաժին, որն ավարտել է 1977 թվականին՝ ստանալով նկարիչ-կոնստրուկտորի պետական որակավորում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Տեխնիկական էսթետիկայի գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունքում, եղել է նկարիչ-կոնստրուկտոր, այնուհետև ծառայության է մեկնել խորհրդային բանակ։
2014 թվականին Արմեն Բուբուշյանը նշանակվել է ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի դեկան։ Նրա ղեկավարման տարիներին ֆակուլտետը գրանցել է նշանակալի հաջողություններ ինչպես կրթության, այնպես էլ գիտության ոլորտներում՝ դառնալով համալսարանի առաջատար ֆակուլտետներից մեկը։ Պարոն Բուբուշյանը հեղինակել է ավելի քան 300 իրագործված դիզայներական նախագծեր, 200 «Մաքուր արվեստի» (Fine-Art) ստեղծագործությունների, թվով 10 հասարակական ու անձնական օգտագործման համար նախատեսված շենքերի իրականացված ճարտարապետական նախագծեր։
Պրոֆեսորը աշխատել և դասավանդել է ինչպես Գեղարվեստի պետական ակադեմիայում, այնպես էլ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ կրթելով ՀՀ-ում և արտասահմանում գործող շնորհալի և կայացած դիզայներների մի քանի սերունդ:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական ողջ անձնակազմը խորապես սգում է հարգարժան պրոֆեսորի կորուստը՝ ցավակցելով ընտանիքին ու մտերիմներին։