ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստում ՈՒԽ նախագահ ընտրվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Հակոբյանը:
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստը, որը նախագահում էր ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը։ Ընդլայնված նիստը բաղկացած էր ֆակուլտետների պատվիրակներից և ուսանողական խորհրդի նախագահության անդամներից։ Նիստին ներկա էին նաև ուսանողական խորհուրդը տարբեր տարիներին ղեկավարած նախագահներից տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Հայկ Սարգսյանը և ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ տեխնիկական գիտությունների թեկնածու Հովսեփ Հովեյանը։
Մինչ օրակարգին անցնելը, գործող նախագահ Արմեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և ընդգծեց, որ իր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում հնարավորինս պաշտպանել է ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների ինքնավարությունը:
«Ուսանողական խորհուրդը եղել և շարունակելու է մնալ համալսարանի կարևորագույն կառույցներից մեկը,որը ծառայել ի նպաստ ուսանողի, որտեղ ուսանողը բարձրացրել է հարցեր, ստացել իրեն հուզող հարցերի լուծման ուղիները և ներգրավել բուհական կյանքին, լինելով իրազեկված և պաշտպանված»-նշեց Ա․ Հարությունյանը։
ՈՒԽ նախագահ Արմեն Հարությունյանը ներկայացրեց նախագահի թեկնածու Սուսաննա Հակոբյանի անձնական գործը և տեղեկացրեց, որ Ս․ Հակոբյանը ուսանողական կառույցի կազմում ընդգրկված է եղել դեռևս 2018 թ.-ից և իրականացրել է 3 խոշոր ուսանողական ծրագրեր:
ՈՒԽ նախագահության բաց քվեարկության արդյունքում միաձայն նախագահ ընտրվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Հակոբյանը: Նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար։
«Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել ի դեմս պարոն Հարությունյանի մեր բոլոր ժամանակների ուսանողական խորհրդի նախագահներին, քանի որ նրանց ավանդը և դերը ուսանողական խորհրդի հիմնադրման և կայացման գործում անուրանալի է: Ուզում եմ վստահեցնել, որ այն բոլոր ավանդական դարձած ծրագրերը, ուսանողական միջոցառումները, ոչ միայն պահպանվելու են այլև դրանց կողքին ավելանալու են նորերը» -ավելացրեց Ս․ Հակոբյանը։