(010) 303-300

ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՇՈՂԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Հայտնի լիտվացի պատմաբան, արվեստաբան, հայանպաստ գործունեություն ծավալած  filetype_pdf Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակ շնորհելու միտքը ծագեց բարեկամական ու ջերմ հանդիպման արդյունքում, սակայն արագ ու վճռական քայլերով կյանքի կոչվեց: ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամի համատեղ ջանքերով ու մեր համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների նպատակասլացության և ակտիվության շնորհիվ՝ հանձնաժողովի դատին հանձնվեց 5 աշխատանք, իսկ օգոստոսի 28-ին արդեն հայտնի դարձավ հաղթող ուսանողի անունը:

Ազնիվ պայքարում՝ 1500 եվրոյին համարժեք դրամը Շողեր Խաչատրյանինն էր: Արդեն այսօր՝ բազմաթիվ հյուրերի ու պաշտոնատար անձանց ներկայությամբ, Շողերին հանձվեց իր վաստակած գումարի հավաստագիրը:

Մրցույթի ամփոփման ու մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, Հայաստանում Ֆիանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, մրցույթի գլխավոր հովանավոր ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, Լիտվայի դեսպանատան աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Գալստյանը, նախ, շնորհավորեց նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք: Նկատելով հայ-ֆրանսիական դարավոր կապն ու մեր համալսարանի և ֆրանսիական ճարտարապետական դպրոցների հետ բազմամյա ակտիվ համագործակցությունը՝ ռեկտորը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր մասնակցությունը կունենա այդ համագործակցությունների շարունակականության գործում: Ի պատասխան՝ դեսպան Լաքոթն իր գոհունակությունը հայտնեց ինչպես մեր երկրում, այնպես էլ մեր համալսարանի համար այս կարևոր միջոցառմանը ներկա գտնվելու համար: Դեսպանը նշեց, որ պաշտոնավարման 1 ամսվա ընթացքում արդեն հասցրել է նկատել, որ Հայաստանը ճարտարապետության և պատմամշակութային հարուստ ժառանգության երկիր է:

Փոխադարձ ողջույններից հետո՝ ռեկտոր Գալստյանը համառոտ ներկայացրեց Յուրգիս Բալտրուշայտիսի՝ հայերի ու Հայաստանի շուրջ ծավալած գործունեությունը, աշխատությունները, որից հետո խոսքը փոխանցեց դեսպան Էրիկաս Պետրիկասին: Դեսպանն, իր իսկ խոսքով, սեփական ջերմ հարկի տակ գտնվելու իրավունքով, շնորհավորեց մրցանակակրին՝ մաղթելով նրան մշտապես կրել Բալտրուշայտիսի արվեստասեր ու հայասեր ոգին:

Մրցանակը երկար սպասել չէր կարող: Ռեկտոր Գալստյանը, դեսպան Պետրիկասը և ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը ստորագրեցին հավաստագիրը և Շողեր Խաչատրյանին հանձնեցին մրցանակը: Ինչպես իր շնորհավորանքի խոսքում նշեց Հայկ Ալոյանը՝ ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամն առաջիկա 5 տարիներին նույնպես կշարունակի հանդիսանալ մեր համալսարանում անցկացվող Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթի գլխավոր հովանավորը, իսկ որպես մրցանակ՝ կվճարի հաղթող ուսանողի մագիստրատուրայի վերջին կուրսի վարձավճարը:

 

31.10.17