ՃՇՀԱՀ-ում շարունակվում է մշակութային, հասարակական, գիտական ոլորտների գործիչների հետ հանդիպումների շարքը: Մայիսի 7-ին համալսարանի հյուրը գրականագետ, գրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն էր: Հանդիպումը տեղի ունեցավ ՃՇՀԱՀ 2025 լսարանում՝ Ճարտարապետների արվեստանոցում: Հանդիպմանը ներկա էին բուհի ղեկավարությունը, դասախոսներ, աշխատակիցներ և ուսանողներ:
Կարո Վարդանյանը հեղինակել է 9 գիրք, նաև գիտական, հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Մասնավորապես հայտնի են նրա՝ Զորավար Անդրանիկին նվիրված աշխատությունները, նաև տասնյակ երգերի տեքստեր (ԳԱԱ օրհներգի, Գյումրու «Վերածնունդ» ամենամյա փառատոնի օրհներգի տեքստերը…): Նրա «Հատուցման տասներեք ղողանջ» և «Պայթյուններ Թուրքիայում և … ոչ միայն. ASALA-ն ներսից» բացառիկ աշխատությունները պարունակում են «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝ ASALA-ի գործունեությանն առնչվող բացառիկ մանրամասներ:
Կ. Վարդանյանը հանդես եկավ հետաքրքիր խոսքով՝ ներկայացնելով իր գործունեությունը, աշխատությունները: Այնուհետև հանդիպումը շարունակվեց քննարկման ձևաչափով, և ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին հյուրին: Հանդիպման վերջում նրանք նաև շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությունը՝ իրենց շարունակաբար հնարավորություն տալու հանդիպելու և ճանաչելու անվանի մարդկանց: