(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ համալսարանականներ, շրջանավարտներ,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տարբերանշանի առցանց ընտրության մրցույթն ավարտվել է: Քվեարկության արդյունքներով պարզ դարձավ, որ տարբերանշանի փոփոխությանն առնչվող հետաքրքրությունը մեծ է, և դեռ կան առաջարկներ, որոնք չեն ներկայացվել ժամանակի սղության պատճառով։

Բացի դրանից՝ ՃՇՀԱՀ բազմաթիվ ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, աշխատակիցներ իրենց առաջարկներով հանդես գալու ցանկություն են հայտնել։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ համալսարանի ղեկավարությունը որոշեց հայտարարել նոր մրցույթ՝ մրցակցային ֆոնդով, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային և այլ սահմանափակումների: Եվ այսպես՝ հայտարարվում է ՃՇՀԱՀ տարբերանշանի մրցույթ սույն թվականի ապրիլի 2-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթը կանցկացվի փակ (գաղտնի) ձևաչափով: Տարբերանշանի յուրաքանչյուր տարբերակ անհրաժեշտ է ներկայացնել երկու օրինակով՝ սև ու սպիտակ և գունային լուծումներով, A4 ձևաչափով թղթի վրա եռանիշ տառերով և / կամ թվերով կոդավորված, որին կից՝ նույն կոդով փակ ծրար, որում գրված կլինեն մասնակցի տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար):

Մրցույթի մասնակիցները փաթեթը պետք է ներկայացնեն համալսարանի ընդհանուր բաժին՝ 2305 սենյակ, մինչև մայիսի 15-ը՝ ժամը 16.00: Մրցանակային ֆոնդը կազմում է 400 000 դրամ՝ միայն առաջին մրցանակի համար:

Եռօրյա ժամկետում՝ մայիսի 16-19-ը ընկած ժամանակահատվածում, հանձնաժողովը քննարկելու և ընտրելու է լավագույն աշխատանքը, որից հետո կբացվի հաղթողի ծրարը, և կհայտարարվի նրա անունը:

Ընտրված տարբերակի հեղինակային իրավունքը պատկանելու է համալսարանին:

Տարբերանշանի կերպարի ձևավորման համար ներկայացվում են հետևյալպահանջները.

1. տարբերանշանի նկարվածքն անպայմանորեն պետք է ներառի 1921 թվականը,

2. տարբերանշանում առկա ամենափոքր գրաֆիկական տարրերը պետք է ընթեռնելի լինեն 15×15մմ2 չափերի մեջ,

3. ցանկալի է, բայց ոչ պարտադիր, որ համալսարանի անունը (հայերեն) ներառված լինի տարբերանշանում,

4. ցանկալի է, բայց ոչ պարտադիր, որ նկարվածքի բովանդակության մեջ արտահայտվեն ճարտարապետական ու շինարարական բնույթի խորհրդանիշներ,

5. անհրաժեշտ է, որ համալսարանի տարբերանշանի պատկերն ունենա ժամանակակից չափորոշիչներով լուծումներ,

6. անհրաժեշտ է, որ համալսարանի տարբերանշանի պատկերն ունենա գաղափարական հիմնավորում՝ ուղղակի արտահայտված կամ թաքնված խորհրդանիշների տեսքով,

7. տարբերանշանի գրաֆիկական մատուցման մինիմալիստական մոտեցումը խրախուսելի է:

02.04.21