Անկախությունը կարգավիճակ ու հոգեվիճակ է, հպարտություն ու կյանքի գնով ձեռք բերված հարստություն: Ինքնանպատակ չեն փողոցներում ծածանվող եռագույնները, զինվորական համազգեստով, խիստ ու կարևոր դեմքով և արդեն հայրենասիրության ավյունն իրենց երակների մեջ կրող քայլերթին մասնակից փոքրիկ տղաները, հայի ու Հայաստանի մասին ամենուրեք հնչող երգերը:
Սեպտեմբերի 21-ն այն օրն է, երբ դարավոր երազանքն իրականություն դարձրած հայ մարդը դառնում է միասնական Հայաստան, ազգանվեր հայորդիների մղած ազատագրական պայքարի հավաքական կերպար:
Երրորդ Հանրապետության հռչակումը ժամանակի հրամայականն էր, որը կյանքի կոչվեց թեև ծանրագույն պայմաններում, բայց խրոխտ ու հավերժի կնիքը կրող ծննդյան վկայականով: Հենց այս պատճառով անկախ Հայաստանն ամենօրյա խնամքի, սիրո, ջերմության ու հավատարմության կարիք ունի:
Շնորհավորում ենք բոլորին Անկախության 26 ամյակի առթիվ՝ Հայաստանն առավել ծաղկող ու վերելք ապրող, իսկ քաղաքացիներին՝ առողջ ու հայրենատեր տեսնելու սրտանց փափագով: