(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ Ճարտարապետների պալատում կայացած հանդիպումը որքան աշխատանքային ու հեռանկարային էր, այնքան էլ ջերմ ու կառուցողական: Պալատի նախագահի և անդամների հետ մեր համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկեցին համալսարանում շրջանառության մեջ դրված կրթական նորամուծությունները և ուսանողների ու շրջանավարտների մասնագիտական աճին առնչվող խնդիրները:

Օրակարգի առաջին հատվածում մեր համալսարանի պատվիրակությունը տեղեկացրեց բուհում դասավանդման՝ ցիկլային կրթության մեթոդի անցման մասին, որի շրջանակում վերանայվում են բոլոր կրթական ծրագրերը։ Ներկայացվեց, որ ներդրվելու են նոր ընտրովի առարկաներ որոնց միջոցով ուսանողները կունենան էլ ավելի լայն ընտրության հնարավորություն:

Աշխատանքային քննարկման հաջորդ՝ կարևորագույն կետերից էին բարձր մասնագիտական առաջադիմություն, ՄՈԳ ունեցող ճարտարապետ և շինարար շրջանավարտներին Ճարտարապետների պալատի կողմից արտոնագրեր տրամադրելու ընթացակարգում բարեփոխումներ անելու հարցը, ինչպես նաև պալատի հետ համատեղ կազմակերպել համալսարանում մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Գիտակցելով ապագա մասնագետներին՝ դեռևս ուսանողական սեղաններից ճիշտ խորհրդատվություն տալու և ուղղորդելու անհրաժեշտությունը, քննարկվեց նաև Շինարարության ֆակուլտետի «Շենքերի նախագծում» կրթական ծրագրի զարգացման հեռանկարային ուղիները: Մասնավորապես առաջարկվեց այս մասնագիտության ուսանողներին 2-րդ կուրսից կողմնորոշել մասնագիտացման ընտրության մեջ (ճարտարապետության կամ շինարարության), ինչը  հնարավորություն կտա մագիստրատուրայի ավարտից հետո ստանալու այս կամ այլ ուղղության արտոնագիր։

Քննարկման վերջում ճարտարապետների պալատի մեր գործընկերները ողջունեցին և հավանության արժանացրին համալսարանում տեղի ունեցող բարեփոխումների վերը նշված միջոցառումները, նշելով որ դրանք բխում են մասնագիտության և ապագա մասնագետների շահերից, նպաստելու է որակի բարձրացմանը և վերահաստատեցին իրենց պատրաստակամություն աջակցելու այս գործընթացին:

Համալսարանում բարեփոխումները շարունակվում են ․․․

25.02.21