(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՐԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՏԵՍԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐՈՎ

Խաղաղ պայմաններում նստել-վեր կենալը, առավոտյան արթնանալն ու արևին նայելն անիմաստ ու սովորական է թվում, բայց պատերազմի դաշտում դա հրաշքի պես մի բան է: Դիզայնի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, պահեստազորային Հովսեփ Ստեփանյանը խոստովանում է՝ այս պատերազմում մարդու գործառույթը հնարավորինս լավ պաշտպանվելն էր այն զինատեսակների հարվածներից, որոնք միայն ֆիլմերում էինք տեսել. «Պետք էր գոնե ողջ մնալ և օգնել ընկերոջդ էլ ողջ մնալ», — պատմում է Հովսեփը՝ հիշելով, թե ինչպես են մեկ անգամ ապաստարանում գտնվող բժշկի կյանքը փրկել. «Արդեն բժիշկը դուրս էր գալիս, հանկարծ ընկերս ձեռքից բռնեց, ասաց՝ բժիշկ, բժիշկ, մի րոպե, մի բան էլ հարցնեմ, ու այդ պահին հենց ապաստարանի կողքը անօդաչու պայթեց: Եթե մի րոպե շուտ դուրս գար, հաստատ ողջ չէր մնա», — հիմա արդեն ժպիտով պատմում է Հովսեփը:

Դիզայնի 4-րդ կուրսի ուսանող Արթուր Հարությունյանի պատմությունն էլ է հյուսվում, մեր զինվորների քաջագործությունների շուրջ: Թեև օդային տագնապը փախչելու և ապահով տեղում թաքնվելու համար է, սակայն, ինչպես Արթուրն է պատմում, օդային տագնապը ոչինչ էր ինքնաթիռի ազատ անկման տեսարանի առջև. «Բեռնատարներ էինք բեռնաթափում, երբ միացավ օդային տագնապի ազդանշանը, սակայն փախչելու փոխարեն կանգնած հետևում էինք թշնամու պայթող ինքնաթիռին», — ոգևորությունը չի թաքցնում Արթուրը:

Որտե՞ղ է իրականի և անիրականի սահմանագիծը՝ կռվի դաշտում դժվար է որոշել, մահն ու կյանքը իրար կողք-կողքի էին քայլում և թաքուն հուշում՝ առաջ գնաս՝ զոհվելու ես, հետ գնաս՝ մեռնելու ես: Բայց մեր հերոսի համար ոչինչ սարսափելի չէր. Տիգրանը գիտեր, որ հնարավոր է զոհվի, վիրավորվի. «Մարդն իր կյանքում միշտ ընտրության հնարավորություն ունի, չէ՞, ընտրի լա՞վը, ավելի՞ լավը, ամենալա՞վը, սակայն պատերազմի ժամանակ քո ընտրությունը միայն վատի տարբեր աստիճաններով է չափվում, բայց դա էլ տխրեցնող չի, քանի որ գիտես հանուն ինչի ես անցնում այդ դժոխային ճանապարհը», — անկեղծանում է հեռակա համակարգի ուսանող դիզայներ, պահեստազորային Տիգրան Հովհաննիսյանը, ում դեմքի յուրաքանչյուր մկան մինչև հիմա ցավից ու ափսոսանքից ձգվում է՝ պատերազմի մասին ամեն մի բառն արտաբերելուց: Ժպտում է միայն, երբ հիշում է ընկերներին՝ ողջ մնացած ընկերներին. «Երբ հասա Ջաբրայիլ, կուրսընկերներս զանգեցին և ասացին, որ Հայաստանի սահմաններին են: Այնքան էի ուրախացել նրանց համար…»: Հետո, չդադարող կրակների ու ծխի մեջ ուրախանալու հաջորդ առիթը հեռուստացույցն էր. «Հա, մի զարմացեք, երբ Ջաբրայիլից տեղափոխվեցինք Իշխանաձոր, որտեղ մնում էինք, փոքր հեռուստացույց կար»:

Մարտական գործողություններին իր մասնակցության, անցած ճանապարհի, տեսածի ու լսածի մասին խոսել կտրականապես չի ցանկանում: Իսկ լուսանկարի մասին խոսք լինել անգամ չի կարող։

 

20.02.21