Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ամփոփեց 2020թ-ի աշխատանքները և ներկայացրեց 2021 թ-ի անելիքները։
Նիստին, որի հիմնական զեկուցողը ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանն էր, քննարկվեց 2020թ-ի բյուջեի կատարողականը և 2021թ-ի բյուջեի պլանավորման ծրագիրը:
2020թ-ի համալսարանի գործունեության ամփոփիչ հաշվետվության մեջ շեշտադրվեց, որ նշյալ տարում իրականացվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են եղել կրթության որակի բարձրացմանը, ստեղծվել և շարունակաբար համալրվում է հեռավար ուսուցման հարթակը, կրկնապատկվել են օտար լեզվի և մաթեմատիկայի դասընթացների դասաժամերը, օտար լեզվի ուսուցումն այլևս իրականացվում է՝ ըստ լեզվի իմացության մակարդակների ձևավորված խմբերի:
2020թ-ի ուսումնական գործընթացում իրականացված բարեփոխումների շրջանակում՝ վերանայվել են ՃՇՀԱՀ-ում գործող մագիստրոսի կրթական բոլոր ծրագրերի տևողությունները, փոխվել է ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը, մշակվել են նոր ուսումնական պլաններ, որոնք ներդրվել են 2020-2021թթ. ուսումնական տարում: ՆՄՀ-ի միջոցներով ժամանակակից սարքավորումներով կահավորվել է «Ճանապարհաշինարարական փորձարկումների» լաբորատորիան, որը խթան կհանդիսանա ուսանողների մասնագիտական առաջընթացի համար:
Կարևորելով պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը՝ Գիտական խորհրդի՝ 2021թ-ի անդրանիկ նիստում հաստատվել է փետրվարի 1-ից պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացումը 10%-ով, ինչը համալսարանի ռազմավարության գերակա ուղղություններից է և այսուհետև կրելու է շարունակական բնույթ:
Նիստի ընթացքում ռեկտոր Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարին կայանալու է «Համալսարանի զարգացման հեռանկարները. մարտահրավերներ և նոր հնարավորություններ» խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացված առաջարկների հիման վրա կազմվելու է համալսարանի զարգացման ռազմավարական պլանը։