ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հաալսարանի Ուսանողական խորհրդի ճամբարային ևս մեկ բովանդակալից շրջան ամփոփվեց: Այս անգամ մեր ուսանողներն Արցախում էին՝ ՙՀայերի հաղթանակի ուղին՚ ծրագրի՝ 10-րդ հոբելյանի առթիվ:
Հուլիսի 23-26-ը Ուսանողական խորհրդի պատվիրակությունն անցկացրեց զինվորի կողքին, հպարտացավ Հայրենիքի պաշտպանների ձեռքբերումներով, խիզախությամբ, ծանոթացավ նրանց խնդիրներին և ապացուցեց, որ միշտ զինվորի կողքին է և նրա աջակիցը:
Ճամբարական ուսանողների առաջին կանգառը Դադիվանքն էր, որտեղ նրանք ծանոթացան վանքային համալիրին և մասնակցեցին պատարագին։ Երեկոյան արդեն Ստեփանակերտում էին՝ պատրաստվելու զորամասեր այցելությանը։
Հաջորդ օրերն արդեն խիստ պաասխանատու, ճանաչողական և ուսուցողական էին: Մեր ուսանողները քաղաք Ասկերանում ծանոթացան մարտական զենքին, նրա տիրապետման կանոներին և հնարավորություն ունեցան գործնականում օգտագործել զենքը հատուկ թիրախների վրա։
Այնուհետև այցելեցին Մարտունու 2-րդ պաշտպանական զորամաս, ծանոթացան զինվորական առօրյային, միասին ճաշեցին զորամասի ճաշարանում, որից հետո զորամասին ու նորակոչիկներին հանձնեցին նվերներ և անհրաժեշտ պարագաներ: Զորամաս այցելությունն այսքանով չսահմանափակվեց: Ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովը հանդես եկավ համերգային ծրագրով։ Պարային անսամբլն իր ելույթներով և Տիգրան Քախվեջյանն՝ իր հարենասիրական կատարումներով ոգևորեցին զինվորներին:
Ճամբարային օրերն ամփոփվեցին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, որտեղ մեր համալսարանի լարային քառյակը հանդես եկավ համերգային ծրագրով։
Հագեցած, ոգեշնչված ու տպավորված՝ մեր ուսանողները վերադարձան Երևան՝ սպասումով հաջորդ հանդիպման և սահմանից միայն խաղաղության ու հաղթության մասին լուրերի: