ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հայաստանի տեխնիկական գիտությունը ծանր կորուստ ունեցավ: Կյանքից հեռացավ ճանաչված գիտնական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ուսումնական գործընթացի բազմափորձ կազմակերպիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Միսակի Բարխուդարյանը: Նա իր ողջ գիտակցական կյանքը կապել էր հարազատ կրթօջախին, մեծ ներդրում ունենալով նրա զարգացմանը, ուսումնամեթոդական աշխատանքների, ուսումնական առաջավոր փորձի պրոպագանդման, ներդրման գործընթացներում: Եվ պատահական չէ, որ ՃՇՀԱՀ-ն այսօր դարձել է ոչ միայն մեր հանրապետության, այլև նմանատիպ բուհերի առաջատարներից:
Պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանը ծնվել է 1940-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարության ֆակուլտետում, ստացել ինժեներ-շինարարի պետական որակավորում, ապա նույն բուհի ասպիրանտուրայում: Ա. Բարխուդարյանը ուսումնական երկու ձեռնարկների, 100-ից ավել աշխատությունների, 17 հեղինակային վկայագրերի հեղինակ է:
Աշխատանքային գործունեությունը սկսել է ԵրՊի նյութերի դիմադրության ամբիոնում, որպես ասպիրանտ, իսկ 1984-ին նշանակվել է հիդրավլիկայի ամբիոնի վարիչ: Երբ կազմավորվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ճանաչված գիտնականը տեղափոխվում է ՃՇՀԱՀ՝ նշանակվելով հիդրավլիկայի ամբիոնի վարիչ, իսկ 1990-ին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Հարգարժան պրոֆեսորն 1985-ին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի, իսկ 2012-ին՝ ՀՀ գիտության վաստակավոր գործիչի պատվավոր կոչմանը:
Ա. Մ. Բարխուդարյանի պայծառ հիշատակը ընդմիշտ վառ կմնա նրա ընկերների, մտերիմների, աշակերտների, ՃՇՀԱՀ ողջ կոլեկտիվի ինչպես նաև ոլորտի մասնագետների սրտերում:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին նույն եկեղեցուց։