Երեկ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները մոմերով երթ էին կազմակերպել դեպի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Երթին մասնակցում էին նաև Երևանի պետական համալսարանի մարտական պատրաստության ակումբի անդամները և պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբայրը:
Երիտասարդներին իր աղոթքներով ուղեկցում էր Բուհերի և երիտասարդության հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, ով նշեց, որ այս նախաձեռնությունը բոլորի սրտից բխած ուխտագնացություն է. ՙԱյստեղ ենք մեր սիրտն ու հոգին խոնարհեցնելու մեր նահատակ եղբայրների առաջ՚:
Մոմավառության ներկաներին իր խոսքը հղեց նաև ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը՝ նշելով, որ մեկ տարի առաջ, ապրիլյան պատերազմի օրերին, իրենցից յուրաքանչյուրը փորձել է օգնել սահմանին կանգնած զինվորին: Հիշելով հերոս Ադամ Սահակյանին՝ Հովսեփ Հովեյանը իր խոնարհումի և երախտիքի խոսքերն ուղղեց նաև մյուս բոլոր նահատակներին և հավելեց, որ հենց նրանց կյանքերի շնորհիվ է, որ այսօր կանք, և հենց նրանցով է պայմանավորված մեր վաղվա օրը:
Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին և մոմեր վառեցին Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում: