Մարտի 6-10-ը Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերրանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցում էին գտնվում ՃՇՀԱՀ-ի Քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանը և Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ.պ., դոցենտ Էմմա Հարությունյանը: Մեր համալսարանի պատվիրակությունը Ֆրանսիայում էր՝ միջազգային Յակոբուս ուսանողական համատեղ աշխատանքներին մասնակցելու և դասախություններով հանդես գալու նպատակով:
Աշխատանքային օրերը հագեցած էին ինչպես Գ. Մուշեղյանի բազմաբովանդակ դասախոսությունների, այնպես էլ իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների առումով: Հանդիպման առաջին օրը Գ. Մուշեղյանը Ֆրանսիայից, Գերմանիայից և Իսպանիայից ժամանած ուսանողների և դասախոսների լայն լսարանի առջև ներկայացրեց Հայաստանի Սովետական Մոդեռնիզմի շրջանի ակնառու կառույցների պատմությունն ու ճարտարապետական արժեքը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում:
Հանդիպման հաջորդ օրերն արդեն նվիրված էին ֆրանսիական Բիյոմ գյուղաքաղաքի նախկին մենաստանի պատմական կառույցին: Յակոբուս ծրագրի շրջանակներում՝ երեք երկրներից ժամանած 11 ուսանողական խմբերն առաջադրված տեղանքում ուսումնասիրություններ ու չափագրումներ են կատարել և մշակել կառույցի վերակենդանացման՝ իրենց առաջին պատկերացումները: Այնուհետև ֆրանսիացի, գերմանացի, իսպանացի և հայ դասախոսների ղեկավարությամբ քննության են դրվել ուսանողների առաջնային նախագծերը: Աշխատանքների պաշտպանությունը կլինի այս տարվա մայիսին՝ Գերմանիայում, որին ներկա կգտնվի նաև Էմմա Հարությունյանը:
Հատկանշական է այն փաստը, որը 2018թ-ի մարտին՝ Գերմանիայում կայանալիք միջազգային Յակոբուս ուսանողական համատեղ աշխատանքներին կմասնակցեն նաև մեր համալսարանի ուսանողները՝ 1 դասախոս և 6 ուսանող կազմով: