(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄՓՈՓԵԼՈՎ ԿԱՏԱՐՎԱԾԸ Եվ ՆԱԽԱՆՇԵԼՈՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Այսօր տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գիտական խորհրդի տարեսկզբյան, անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում, ընդգրկված էին՝ համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվությանը, համալսարանի կառուցվածքում փոփոխություններ կատարելը, ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորում ստանալու ծրագրի հայտերը, ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատումը:

Խորհրդի նիստը, ռեկտորի ժ/պ պարոն Վարդանյանը սկսեց համալսարանի՝ 2020թ-ի այն առաջնահերթություններով, որոնք բազմիցս նշվել են՝ որպես թիրախային: Ներկայացնելով համալսարանի կառուցվածքը, ավարտված, ընթացիկ և սպասվող ծրագրերը, միջազգային համագործակցությունները, համալսարանի գիտահետազոտական գործունեությունը, անցկացված միջոցառումներն ու գիտաժողովները, ռեկտորի պաշտոնակատարը շեշտադրեց այն 3 առաջնահերթությունները, որոնց հենքով այսուհետև ծավալվելու է համալսարանի գործունեությունը: 

Դրանք են՝ ուսման որակի բարձրացումը և ուսումնական պլանների առարկայական վերանայումը, գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացումը ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը: Ներկայացվեց նաև եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով համալսարանի կառուցվածքային փոփոխություններին՝ պարոն Վարդանյանը նշեց, որ այդ կառուցվածքային ու կադրային փոփոխությունները հետապնդում են ոչ թե տնտեսման, այլ կրթության արդյունավետության բարձրացման միտում: Այս համատեքստում ներկայացվեց համալսարանի՝ նորացված կառուցվածքի նախագիծը, պրոռեկտորների ենթակայության տակ գտնվող միավորները և վերջիններիս գործառույթները:

ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը ներկայացրեց նաև համալսարանի 2019թ-ի բյուջեի կատարողականը, 2020թ-ի բյուջեի պլանավորումը և ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում հրամանագրվելու օրվանից՝ դեկտեմբերի 2-ից առայսօր համալսարանի իրականացրած ծախսերը:

Հիշեցնենք նաև, որ վաղը՝ հունվարի 31-ին, ժամը 17:00-ին, ՃՇՀԱՀ 2023 դահլիճում տեղի կունենա «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: 

31.01.20