(010) 303-300

ՏԵՍԱՆ, ԼՍԵՑԻՆ, ԶԱՐՄԱՑՐԻՆ

Ճարտարապետությունը զգայական ու հուզական արվեստ է: Ասում են՝ որևէ հուշարձանի կամ կառույցի ճարտարապետական արժեքը հասկանալու համար լավ է մեկ անգամ այն տեսնես աչքովդ, զգաս դրա էներգետիկան, քան բազմաթիվ անգամ լսես, այն էլ՝ դասախոսության միջոցով:

Այսպես մտածելով էլ մեր համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դասախոս Կրիստինա Բորիսոնկոն և ճ.թ. Արսեն Ավետիսյանը՝ «Ճարտարապետական նախագծման հիմունքներ» առարկայի շրջանակում, 1-ին կուրսի ճարտարապետ ուսանողների համար, արդեն ավանդաբար, կազմակերպեցին բաց-դաս, կամ ավելի ճիշտ, ճանաչողական-ուսուցողական էքսկուրսիա դեպի Գառնի:

Ուսանողները, վստահաբար, առաջին անգամ չէին Գառնու հեթանոսական տաճարում կամ Գեղարդի վանքում, սակայն այս անգամ, պատմամշակութային ժառանգության մեր գոհարները ուսումնասիրեցին ապագա ճարտարապետների դիտանկյունից: Ինչպես պատմեց Կ. Բորիսենկոն, ուսանողները, Գառնու տաճարի օրինակով, տեղում ծանոթացան ճարտարապետական հունահռոմեական օրդերային համակարգին, ինչպես նաև քրիստոնեական ժամանակաշրջանի՝ 4-18-րդ դարերին վերագրվող հուշարձաններին:

Ուսանողական հետաքրքրասեր արշավախումբը չշրջանցեց նաև 1957թ-ին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից կանգնեցված Չարենցի կամար հուշարձանը և Գեղարդի վանքը: Իսկ ահա այստեղ՝ Գեղարդի ժայռափոր ավանդատանը, իրենք՝ իրենց, ինչպես նաև զբոսաշրջիկներին զարմացրեց մեր 2 ուսանողուհիների՝ կոմիտասյան հոգեհմա կատարումը:

08.11.19