Վարպետության դասեր անցկացնելն ու աշխարհահռչակ ճարտարապետների մեր համալսարանում հյուրընկալելն ավանդույթ է, որին սիրով սպասում են թե´ ուսանողները, թե´ դասախոսները:
Այսօր ճարտարապետ ուսանողներին մեկ լսարանում էր համախմբել իրանահայ ճարտարապետ Արիս Միքայելին, ում հետ հանդիպումն իրականություն էր դարձել Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության շրջանակում:
Մինչև ուսանողների հետ հանդիպումը, ճարտարապետին ընդունեց ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նշեց, որ անվանի հայրենակիցներին մեր համալսարանում հյուրընկալելը պատվաբեր և անչափ հաճելի է:
«Architect and steel structures, Design+Fabrication+Installation» թեմայով դասախոսությունն Արիս Միքայելին սկսեց անկեղծ ջերմությամբ՝ նշելով, որ եկել է ուսանողների զգացմունքներն ու հայացքները փոխելու, մասնագիտության նկատմամբ սերը մեծացնելու և ոլորտին հուզող խնդիրները բարձրացնելու համար:
«Հպարտ եմ, որովհետև երազանքս է եղել հասնել այս կետին, տիրապետել ճարտարապետական խորն աշխարհի գաղտնիքներին», — խոստովանեց ճարտարապետը՝ հավելելով, որ նույնքան հպարտություն է զգում այսօր, այս լսարանում՝ այն հնարավորության համար, որ կարող է իր անցած ճանապարհը, իր տեսածն ու լսածը փոխանցել նոր սերնդի ճարտարապետներին:
Հանդիպումը հագեցած էր ուսանողների հետաքրքրիր հարցերով և բանախոս-ճարտարապետի բովանդակալից պատասխաններով: