ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Լինել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող՝ նշանակում է ստանալ բարձրակարգ կրթություն, դառնալ որակավորված մասնագետ և ունենալ դեպի Եվրոպա տանող հաստատուն անցաթուղթ:
Մեր համալսարանի ճարտարապետի հայկական դիպլոմը դեռևս 1994թ-ից ճանաչելի է Ֆրանսիայում, դեռևս 1994թ-ից մեր համալսարանի շրջանավարտ ճարտարապետները վստահորեն մուտք են գործում բարեկամ Ֆրանսիա՝ մասնագիտական մեծ հեռանկարի ակնկալիքով:
Եվ այսպես, 2016թ-ի նոյեմբերի 17-ին կայացած նիստում, Ֆրանսիայի մասնագիտական որակավորումների ճանաչման ազգային հանձնաժողովի առաջին կազմը, որը խորհրդակցում է Եվրոպական միության ոչ անդամ պետություններում ճարտարապետներին տրվող դիպլոմների, հավաստագրերի և այլ կոչումների ճանաչման հարցի շուրջ, դրական կարծիք է հայտնել ճարտարապետի հայկական դիպլոմի ճանաչման վերաբերյալ:
Սա, իհարկե, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շարունակական ձեռքբերումների հերթական դրսևորումն է: Ֆրանսիայի կողմից առաջիկա 5 տարիների համար ընդունված որոշման համաձայն՝ մեր համալսարանի ճարտարապետի պետական դիպլոմը համարժեք է ֆրանսիական պետական դիպլոմին, իսկ մեր դիպլոմակիր ճարտարապետը, «պետական դիպլոմ ունեցող ճարտարապետի ինքնուրույն նախագիծ իրականացնելու լիցենզիա» ստանալու համար, անհրաժեշտ կրթություն ստանալու նպատակով կարող է դիմել որևէ ֆրանսիական ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոց, Փարիզի բարձրագույն ճարտարապետական դպրոց և Ստրասբուրգի կիրառական գիտությունների ազգային ինստիտուտ:
Իսկ պետության կողմից շնորհված այս լիցենզիան թույլ կտա շրջանավարտին գրանցվել ճարտարապետների միությունների շրջանային ցանկում՝ տալով իր մասնագիտությանը հատուկ իրավունքներին և պարտավորություններին հետևելու հնարավորություն:
Այսպիսով՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետի դիպլոմը շարունակում է մնալ իր անգերազանցելի բարձունքին՝ հանդիսանալով արժանավապատիվ ապագայի հուսալի երաշխիք: