ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ինչ ամառ՝ առանց ամառային ուրախ, ուսուցողական և ակտիվ ճամբարի: ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհուրդն այս տարի էլ հոգացել էր, որպեսզի համալսարանի, ՃՇՀԱՀ հենակետային քոլեջի ուսանողներն ու Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտներն ունենային անմոռանալի հանգիստ:
Հուլիսի 15-20-ը՝ Ստեփանավանի «ԼՈՌԷ» ակտիվ հանգստի և ժամանցի կենտրոնում, շուրջ 100 երիտասարդ մասնակցեցին «Երիտասարդ ինժեներների հավաք 2019»-ին: Հավաքի հատուկ հյուրերն էին «Էմիլի Արեգակ» կենտրոնի սաները: Ներբուհական վրանային ճամբարի նպատակն էր գիտահանրամատչելի սեմինարների, ինտելեկտուալ խաղերի, ավանդական պարերի միջոցով հարստացնել ուսանողների գիտելիքների պաշարը և անմիջական շփման արդյունքում միավորել տարբեր ֆակուլտետների ուսանողներին:
Ճամբարային օրակարգը դասական էր՝ ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, շախմատի առաջնություն, երգ ու պար:
«Երիտասարդ ինժեներների հավաք 2019»-ի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ճամբարականները բաժանվել էին 8 ջոկատների, որnնք կրում էին հայկական արքայատոհմերի և իշխանական տների անունները՝ Երվանդունիներ, Արշակունիներ, Արտաշեսյաններ, Բագրատունիներ, Մամիկոնյաններ, Արծրունիներ, Հայկազունիներ և Սյունիներ: Որոշվեց 1-3 հորիզոնականները զբաղեցրած ջոկատները:
Արտաշեսյաններ՝ 22 միավոր, պատվավոր 1-ին հորիզոնական:
Արշակունիներ՝ 20 միավոր, 2-րդ հորիզոնական:
Արծրունիներ՝ 18 միավոր, 3-րդ հորիզոնական:
Փակման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Հովսեփ Հովեյանը, Կառավարում և տեխնոլոգիաներ ֆակուլտետի դեկան Տիգրան Մարտիրոսյանը։ Հավաքի ղեկավար, Ուսխորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը և ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորեցին մրցույթների արդյունքում իրենց լավագույնս դրսևորած ջոկատներին և պարգևատրեցին հաղթական գավաթով, մեդալներով ու պատվոգրերով:Ճամբարականները հանդես եկան գեղեցիկ պարային ելույթով, այնուհետև հյուրերին ներկայացրեցին ճամբարի կառուցվածքը և առօրյան։