(010) 303-300

Համալսարանական ֆրանսերենը՝ միջազգային քննարկման թեմա

Տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆրանսերեն լեզվի ներկայիս կարգավիճակին, ուսուցման մեթոդներին և զարգացման հնարավորություններին էր նվիրված Ռումինիայի մայրաքաղաքում՝ նոյեմբերի 23-26-ը, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության /ՖՀԳ/ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակների անդամ համալսարանների ֆրանսերենի ամբիոնների վարիչների ու դասախոսների հերթական հանդիպում-քննարկումը:

Տարին 2 անգամ անցկացվող հանդիպմանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ներկայացրել էր ՃՇՀԱՀ-ի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ակադեմիական նվաճումների կենտրոնի համակարգող-պատասխանատու Նունե Հովհաննիսյանը:

Հանդիպում-քննարկումներին մասնակցում էր 89 մասնագետ՝  Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի 22 երկրներից՝ այդ թվում հայաստանյան ՖՀԳ անդամ 5 համալսարաններից:

Բուխարեստում հյուրընկալված ֆրանսերենի մասնագետներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր համալսարանի և ամբիոնի պատմությունը, այնուհետև անդրադարձավ իր երկրում, համալսարանում և ամբիոնում ֆրանսերենի կարգավիճակին, ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողների քանակին, հետաքրքրվածության աստիճանին, լեզվի իմացության մակարդակին, ուսանողների շրջանում ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը նպաստող գործոններին և այլն: Հերթական հանդիպումն ընթացավ նոր գաղափարների, ՖՀԳ-ի կողմից առաջարկվող կրթական նոր ծրագրերի առաջարկներով, ֆրանկոֆոն մասնագետների միջազգային միջավայրում փորձի փոխանակմամբ:

Հանդիպման ավարտին մասնակիցներն ամփոփեցին աշխատանքները՝ վստահ, որ յուրաքանչյուր հաջորդ հանդիպում ստեղծելու է ավելի լայն հնարավորություն, որպեսզի շուրջ 22 երկրի մասնագետները կիսվեն իրենց ձեռքբերումներով, դրական փորձով, առաջարկներով, հուզող խնդիրներով և դրանց լուծման իրենց տարբերակներով:

07.12.16