(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՁԱՅՆՈՎ ՀՆՉՈՂ ԱՂՈԹՔՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԼՍԵԼԻ Է ՆՈՐԱԲԱՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

«Խոնարհ, արտակարգ զգայունութեամբ օժտված այս հայու աղջիկը մին է անոնցմէ, որ թախծոտ կեանքը կը լուսավորէ սրբազան երաժշտութեամբ». Լուսինե Զաքարյան՝ աստվածատուր ձայնով հայուհի, ով հայ հոգևոր երաժշտությունը դուրս բերեց եկեղեցու պատերից և դարձրեց ժողովրդական՝ հասանելի բոլորի ականջին ու շուրթերին:

Այսօր այդ նույն վերերկրային ձայնն էր հնչում Երևանի Եզնիկ Կողբացի 42, բնակարան 3-ի պատերից ներս, հենց այն պատերից, որտեղ իրենց կյանքի տարիներն է ապրել Լուսինե Զաքարյան ու Խորեն Պալյան զույգը: Բնակարանը տուն-թանգարան վերածելու երազանքն այսօր արդեն իրականություն է՝ շնորհիվ Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի և Զաքարյան-Պալյան զույգի մեծագույն արվեստի նվիրյալների:

Տուն-թանգարանի բացման արարողությանը, ի թիվս անվանի արվեստագետների ու երաժշտագետների, ներկա էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Միջազգային միջբուհական բաժնի պետ Արև Սամուելյանը: «Մեր Լուսինեն է, մեր պարտքն էր ամեն կերպ աջակցել թանգարանի բացմանը…»,-նշեց ռեկտոր Գալստյանը, ով սիրով ու նվիրումով է իր ներդրումն ունեցել թանգարանի վերանորոգման աշխատանքներին: Մեծ է նաև Արև Սամուելյանի մասնակցությունը՝ ցուցադրության համակարգման, թանգարանի ձևավորման և ցուցանմուշների հավաքագրման գործում:

Բացման արարողությանը ներկա Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ հույս հայտնեց, որ այս թանգարանի շնորհիվ Լուսինե Զաքարյանը ճանաչելի կլինի նաև նոր սերնդի համար, և չի մոռացվի այն անունը, որը ժամանակին բոլորի շուրթերին է եղել:

Նամակներ, անձնական իրեր, լուսանկարներ, փաստաթղթեր… Փոքրիկ սենյակ՝ լցված անչափելի  հիշողություններով, սիրով և Աստծուն, հրեշտակներին, երկինքն ու երկիրը փառաբանող երաժշտությամբ: Եվ, ինչպես նշեց Րաֆֆի Պալյանը, սա մի ընտանիքի թանգարան չէ, այլ՝ համայն հայության:

02.06.19