(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մեկնարկեց մեր համալսարանի 95 ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Մեր սիրելի համալսարանը 95 տարեկան է: Իմաստուն, տարիների կարծր փորձով ու մեր երկրի ու քաղաքի մարմինը քանդակող կրթօջախն այսօր տոնում է իր հիմնադրման 95 ամյակը:

Այսօր տրվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոբելյանական միջոցառումների մեկնարկը: Երևանի քաղաքապետարանում հանդիսավոր կերպով բացվեց ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքների ցուցահանդեսը և «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովը:

Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորեց բոլոր համալսարանականներին՝ ընդծելով մեր երկրում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եզակի դերը. «Սա այն բուհն է, որ պատրաստում է մեր ազգի պարծանք ու հպարտություն ճարտարապետների և շինարարների»,- նշեց քաղաքապետը՝ հատկանշական համարելով նաև այն փաստը, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվում է հենց քաղաքապետարանում. «Սա խոսում է քաղաքապետարանի և բուհի ակտիվ համագործակցութան մասին, որը լինելու է շարունակական»: Քաղաքապետը իր ողջույնը հղեց նաև գիտաժողովին մասնակից արտասահմանցի հյուրերին՝ մաղթելով հաջող ու բեղմնավոր աշխատանքային ընթացք:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն օրը պատմական ու նշանակալի անվանեց՝ կրկնակի տոն, որն իրականություն է համալսարանի՝ արդեն 95 տարի իր առաքելությանը հավատարիմ մնալու և բազմաթիվ աջակիցներ ու գործընկերներ ունենալու շնորհիվ.

«Հարգելի պարոն քաղաքապետ: Լինելով մեր համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ուզում եմ առանձնակի շնորհակալությունս հայտնել Ձեզ՝ մեր բոլոր նախաձեռնություններին ու բարեփոխումներին հավատարիմ աջակից լինելու համար: Չեմ կարող չնշել նաև մեր երկրի ղեկավար մարմինների աջակցությունը և հոգատար վերաբերմունքը մեր համալսարանի նկատմամբ, այն կրթօջախի, որն արդեն գրեթե մեկ դար կերտում է մեր Հայրենիքի ճարտարապետական դիմագիծը, ամուր է պահում մեր պատմական ժառանգության արմատներն ու Հայաստանն աշխարհին ներկայացնում իր ողջ հարստությամբ»:

Գագիկ Գալստյանն առանձնակի ջերմությամբ ողջունեց գիտաժողովի մասնակից հյուրերին՝ ընդգծելով նրանց հետ շարունակական համագործակցության կարևորությունը:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին ծանոթանալուց հետո «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովի մասնակիցները սկսեցին իրենց աշխատանքը: Ռեկտոր Գալստյանը ներկայացրեց Լեհաստանի Չեստոխովայի համալսարանից, Մոսկվայի և Նովոսիբիրսկի պետական շինարարական համալսարաններից, Վրաստանի, Չինաստանի պետական շինարարական համալսարաններից, Իտալիայի Ուդինե համալսարանից, Միացյալ Նահանգների Ռատգերս համալսարանից, Գերմանիայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարաններից ժամանած պատվիրակություններին:

Նշենք, որ «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը կազմակերպիչներն են

Նախորդ գիտաժողովներն անցկացվել են Ջերմուկում, Պեկինում, Չեստոհովայում, Սանկտ Պետերբուրգում և Օստրավայում:

26.10.16