(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆԸ՝ ՄԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԱԳԻՍՏՐԱՆՏԻ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ

Արցախյան ազատամարտում և 1994 թ-ի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և  զինծառայողների աճյուններն ամփոփվում են Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոնում։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Չալիկյանը Եռաբլուրի հուշահամալիրը դիտարկում է բոլորովին այլ տեսանկյունից և առաջարկում նախագծային նոր մոտեցում: Այն սկիզբ է առնում Իսակովի պողոտայից։ Մոտ 300մ երկարությամբ հարթակներով լուծված փառքի ծառուղին հնարավորություն է ընձեռում հուշահամալիրի հետիոտն այցելուներին բարեկարգված ծառուղով քայլել և 3 անգամ կրճատել ծախսվող ժամանակը։ Ծառուղու վերջնամասի աջ կողմում են գտնվում ազատամարտիկների շիրիմները: Պանթեոնի հարևանությամբ՝ հուշահամալիրին գրեթե ձուլված, առկա են բնակելի տներ, որոնց գոյությունը և՛ վիզուալ, և՛ ֆունկցիոնալ տեսանկյունից անընդունելի են։ Առաջարկվում է գոյություն  ունեցող հիմնական ճանապարհի ողջ երկայնքով տնկել մշտադալար ծառեր, որոնք կդառնան բնական վարագույր հուշահամալիրի և բնակելի տների միջև։

Նախատեսվում է նաև Արցախյան հերոսամարտին նվիրված թանգարանի նոր մասնաշենքի կառուցումը: Եկեղեցով սկսվող, աստիճանաձև տանիք ունեցող թանգարանի կիսակառույցով և նախատեսվող թանգարանով ավարտվող համալիրն իր մեջ կրում է այն գաղափարախոսությունը, որ թիկունքում մեր երկիրն ու եկեղեցին ունենալու, դժվարություններն ու խոչընդոտները խորհրդանշող աստիճանները բարձրանալու արդյունքում է միայն հնարավոր տեսլականում ունենալ անհոգ կյանքով ապրող երկիր ու քաղաքացիներ:

Եռաբլուր զինվորական պանթոնի տարածքում Արցախյան հերոսամարտին նվիրված թանգարանի նոր մասնաշենքի առկայությունը, տարածքի ամբողջական բարեկարգումը՝ ծառուղիները, ցայտաղբյուրները, լիարժեք լուսավորությունը, ջրային ավազանները, ճարտարապետական ու քանդակային փոքր էլեմենտները հնարավորություն կտան Եռաբլուրում վերափոխել մթնոլորտը՝ դարձնելով ավելի երիտասարդ ու վեհ։

Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հոլովակի միջոցով:  

 

08.05.19