(010) 303-300

«ՍՏՈՐԱԿԵՏ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ՝ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր հյուրընկալվել «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր և տնօրեն Մերուժան Մինասյանը: Լինելով մեր համալսարանի շրջանավարտը՝ այսօր էլ նա փորձում է պահել կապը հարազատ բուհի և նոր սերնդի ճարտարապետների հետ:

Այդ հանգամանքից զատ, Մերուժան Մինասյանն այցելել էր՝ մեր համալսարանին Սիբիլ Կրամերի (Sibylle Kramer) «BUILDING TO EDUCATE: SCHOOL ARCHITECTURE & DESIGN» աշխատությունը նվիրելու նպատակով: Գիրքը պատմում է աշխարհի լավագույն ճարտարապետական ու դիզայներական լուծումներով դպրոցների մասին, որոնց շարքում է նաև հայաստանյան «Այբ» դպրոցը:

Գրքում հեղինակը մեջբերելով շվեդական հայտնի ասացվածքը՝ «Երեխան ունի 3 ուսուցիչ. 1-ը՝ մյուս երեխաներն են, 2-րդը՝ ուսուցիչը և 3-րդը՝ դասասենյակը», կարևորել է այն միջավայրը, որտեղ սովորում է երեխան: Ըստ հեղինակի՝ որքան ճկուն և բազմաֆունկցիոնալ է կրթական շինությունը, այնքան արդյունավետ է ուսուցումը, աշակերտի ինքնադրսևորումն ու մյուսների հետ շփումը:

16.04.19