Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ ամիսներ առաջ մեր համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, փոխդեկան Արմեն Շատվորյանը, մի խումբ դասախոսներ և ուսանողներ հյուրընկալվեցին սեբաստացիներին և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին:
Բանգլադեշն էլ մեր Հայրենիքի մի մասն է, բանգլադեշցիների համար՝ ծննդավայր, ուստի այն պիտի լինի ոչ պակաս բարեկարգ ու հարմարավետ: Այս համոզմունքով՝ Աշոտ Բլեյանը մտահղացել էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարածքի բարեկարգման նախագիծը, որի համար պետք էր երիտասարդ ճարտարապետների աջակցությունը: Այն, իհարկե չուշացավ, և մեր համալսարանի ուսանողները մեծ սիրով որոշեցին միանալ նախաձեռնությանն ու իրենց պատկերացմամբ բարեկարգել կրթահամալիրի տարածքը:
Այդպիսով՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 20 ուսանող՝ բաժանված 4 խմբերի՝ յուրաքանչյուրում մեկական դասախոս, և կրթահամալիրի 4 աշակերտ 5 օր ստեղծագործական եռուզեռի մեջ էին: Ուսումնասիրում էին կրթահամալիրի լայնամասշտաբ տարածքը, կատարում գեոդեզիական աշխատանքներ, քննարկումներ, նախագծեր և արդեն այսօր՝ օգոստոսի 29-ին, համալսարանում ներկայացրեցին այդ ամենի արդյունքը:
Ինչպես Աշոտ Բլեյանը նշեց, արդյունքից առավել կարևոր է ստեղծագործական ու գեղագիտական այն ընթացքը, որն աշակերտին, ապա նաև ուսանողին սովորեցնում է սիրել իր մասնագիտությունը, այն միջավայրը, որում ապրում է:
Նրա խոսքերով՝ Բանգլադեշը Լանջաղբյուրի վերածելու առաջին լուրջ քայլերն արդեն արված են:
Լողավազաններ, պուրակներ, հեծանվաուղիներ ու փոքր ճարտարապետական ձևերի օգտագործման թեմաներով՝ ուսանողների նախագիծ առաջարկները գովասանքի ու բարձր գանահատականների արժանացան:
Աշխատանքային սեմինարի մասնակցության վկայագրերի ու շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, փոխդեկան Արմեն Շատվորյանը, ամբիոնի ղեկավարներ ու դասախոսներ իրենց շնորհավորանքներն ուղղեցին ուսանողներին՝ ողջունելով նրանց ոգևորվածությունը, պատասխանատվությունն ու գործին պրոֆեսիոնալ մոտեցումը: