(010) 303-300

«ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆՔ ՈՒ ԽՈՐԱՑՆԵՆՔ ԴԱՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ներկայացուցիչները:
Այցը ճանաչողական էր, ինչպես նաև՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը հաստատելու և ամրապնդելու հեռանկար: Ռեկտոր Գագիկ Գալստյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուղեկցությամբ՝ դեսպան Կոպիրկինը նախ շրջեց համալսարանում, ծանոթացավ արվեստանոցներին ու լաբորատորիաներին, հետևեց դասապրոցեսներին, ապա՝ հանդիպեց նաև ուսանողներին:
Ողջունելով հյուրին՝ ռեկտոր Գալստյանը հակիրճ ներկայացրեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի անցած ուղին, գործունեությունը, ռուսաստանյան առաջատար բուհերի և ընկերությունների հետ սերտ համագործակցությունը, համատեղ իրականացված նախագծերն ու մեր ուսանողների ձեռքբերումները. «Մեր համալսարանը համագործակցության բազմաթիվ պայմանագրեր ունի Կազանի, Տյումենի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Ռոստովի, Աստրախանի ճարտարապետական և շինարարական համալսարանների հետ: Գրեթե յուրաքանչյուր տարի Մոսկվայի Ճարտարապետների միության կողմից հայտարարված մրցույթներից մեր ուսանողները վերադառնում են պատվոգրերի, հատուկ մրցանակների և գրան պրիների արժանացած»,-նշեց Գ. Գալստյանը:
Ռեկտորն առանձնակի կարևորությամբ ընդգծեց սեպտեմբերին Երևանում կայանալիք ճարտարապետական համալսարանների «Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումի համաժողովի, ինչպես նաև սեպտեմբերի 26-27-ին նախատեսված ԱՊՀ երկրների և Ռուսաստանի Դաշնության շինարարական բուհերի ասոցիացիայի հանրագումարի անցկացման մասին, որին կմասնակցեն 30 ճարտարապետաշինարարական բուհերի ռեկտորներ:
Բարձր գնահատելով բազմադարյա փոխգործակցությունն ու եղբայրական հարաբերությունները՝ դեսպան Կոպիրկինն այն կարծիքին է, որ այդ կապերն անդադար խորացնելու և զարգացնելու կարիք ունեն: Այս համատեսքստում՝ դեսպանը կարևոր է համարում, հատկապես, երիտասարդների մասնակցությունը. «Այս համալսարանը, կարծես, մարմնացումն է 2 ստեղծագործ ժողովուրդների համագործակցության, իսկ ուսանողների ակտիվ շփումը կարող է այդ հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնել»,-նշեց դեսպանը՝ խոսքն ուղղելով ուսանողներին: Վերջիններն էլ, իրենց հերթին, խոսեցին ռուս ուսանողների, գործընկերների մասին իրենց ջերմ վերաբերմունքի, համալսարանում ուսանողական զբաղվածության և անցուդարձի մասին: Հանդիպման ավարտին՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը, համալսարանի կողմից, դեսպանին գրքեր նվիրեց:

27.03.19