(010) 303-300

ՓԱՅԼՈՒՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԹԲԻԼԻՍՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Մարտի 1-2-ը Թբիլիսիում անցկացված միջազգային «U-forum» համաժողովին մասնակցում էր նաև մեր համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ասպիրանտ, ճարտարապետ-քաղաքաշինարար Լիլիթ Բաբայանը:

Թբիլիսիի պետական համալսարանի և Վրաստանի քաղաքային ինստիտուտի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված էր քաղաքաշինական և հողօգտագործման ժամանակակից խնդիրներին և մասնակից երկրների փորձի փոխանակմանը: Մասնակից երկրների շարքում էին Հայաստանը, ԱՄՆ-ն, Նորվեգիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Լեհաստանը, Ադրբեջանը:

Մեր ուսանողուհին համաժողովին ներկայացել էր «Տարածքների կազմակերպման կլաստերային կառուցվածքը՝ որպես ՀՀ հողային ռեսուրսների գնահատման, արդյունավետ օգտագործման և կայուն զարգացման գործիք» թեմայով: Մեզ հետ զրույցում Լիլիթը նշեց, որ իր աշխատանքն, արդիականության առումով, առանձնահատուկ ուշադրության է արժանացել, քանի որ ներառել է հետսովետական գրեթե բոլոր երկրներում առկա խնդրահարույց հարցերը:

Համաժողովի շրջանակներում ակտիվ քննարկումներ են անցկացվել մասնակիցների և Վրաստանի ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտի առաջատար մասնագետների միջև: Կազմակերպվել է նաև էքսկուրս՝ դեպի անմխիթար և վերափոխման ենթակա տարածքներ:

06.03.19